Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո «Արմեդիա» ՏՎԳ-ն անցկացրել է հարցազրույցների շարք Արևելյան գործընկերության երկրների փորձագետների հետ: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը բելառուս փորձագետ, «Եվրաբելառուս» կոնսորցիումի միջազգային քարտուղար, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Բելառուսի ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Վլադիսլավ Վելիչկոյի հետ:
- Ինչպե՞ս եք գնահատում Արևելյան գործընկերության ներկայիս փուլը: Ի՞նչ բարեփոխումների կարիք ունի ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագիրը:
- Արևելյան գործընկերության ներկայիս փուլն առերեսվել է գլխավոր մարտահրավերին, որը կոչվում է տարբերակված շահեր: Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այսօր` այդ ծրագրի զարգացման վեցերորդ տարում, ԱլԳ երկրների ղեկավարությունը ծրագրի վերաբերյալ տարբեր կերպ են արտահայտում իրենց հավակնությունները և ակնկալիքները: Տարբերակման սկզբունքն, ամենայն հավանականությամբ, շարունակելու է զարգանալ: Եվրոպական Միությունը ստիպված է լինելու լուծել յուրաքանչյուր գործընկեր երկրի հետ ունեցած հարաբերությունների երկընտրանքի հետ կապված խնդիրները, ինչպես նաև պետք է ջանք գործադրի ծրագրի ամբողջականությունը պահպանելու համար:
Ինչ վերաբերում է ծրագրի զարգացմանը, ես կարող եմ խոսել դրա մասին ավելի շատ քաղաքացիական հասարակության աչքերով: Մենք ակնկալում ենք ծրագրի հստակ բարեփոխումներ, որն ուղղված կլինի գտնելու ընդունելի ձևաչափեր՝ արտասահմանյան երկրների հետ աշխատելու համար: Ցավոք սրտի, այսօր և՛ Բելառուսը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համարվում են հետնապահներ, այլ ոչ թե առաջատարներ: Թե ինչպես է ծրագիրը գործում և թե ինչպես է այն կազմակերպվում, ընդունելի է հատկապես այն երկրների համար, որոնք առաջատար են համարվում այդ գործընթացում: Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնց իշխանությունները չեն ընդունում եվրոպականացումը, ԵՄ-ն չունի ոչ միայն նրանց, այլ նաև նրանց հասարակության հետ աշխատելու ձևաչափ: Քաղաքացիական հասարակությունը սա ակնկալում է որպես սահմանված նորարարություն, որը տեղի կունենա Արևելյան գործընկերության հաջորդ փուլում:
- Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովում որքանո՞վ արդարացան Ձեր ակնկալիքները: Ո՞րն է, Ձեր կարծիքով, գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումը:
- Միանգամից պետք է ասել, որ Բելառուսը Ռիգայի գագաթաժողովից առանձնապես ոչ մի ակնկալիք չուներ՝ իր օրակարգի հետ կապված: Այս առումով տեղի ունեցավ այն, ինչ ակնկալվում էր: Բելառուսը ներկայացնում էր արտգործնախարարը: Մեկ անգամ ևս հնչեցին հռետորական հայտարարություններ հետաքրքրվածության վերաբերյալ, սակայն Բելառուսի և ԵՄ-ի հարաբերություններում որևէ էական առաջընթաց նախատեսված չէ, քանի դեռ լուծված չէ մեր երկրում քաղբանտարկյալների խնդիրը:
Վերջերս հաճախ է հնչում այն կարծիքը, որ պետք է վերջ դնել Արևելյան գործընկերությանը: Ես կարծում եմ, որ դա ապակառուցողական ուղերձ է. այն եվրոպամետ ուժերին զրկում է ծրագրից օգտվելու հնարավորությունից: Բելառուսում եվրոպամետ ուժերին ձեռնտու չէ Արևելյան գործընկերության վերացումը: Մենք փորձելու ենք գտնել այս ծրագրի զարգացման ձևաչափեր:
- Ինչպե՞ս եք գնահատում գագաթաժողովի հռչակագիրը և բելառուսական կողմի վերապահումները:
- Ես հերթական անգամ ապշած եմ քաղաքական հավասարակշռության հրաշքներից, որոնք ցույց տվեցին գագաթաժողովի մասնակիցները: Փաստացի, հռչակագրի տեքստում չէր կարող տեղ չգտնել Ղրիմի անեքսիայի մասին արտահայտությունը: Դա պարզապես բարոյական չէր լինի: Միևնույն ժամանակ այն, թե ինչպես գագաթաժողովի մասնակիցները վարվեցին սույն կետի ստորագրման ընթացակարգի հետ (այդ կետի տակ ստորագրել է անձամբ ԵՄ-ն ՝ թողնելով մանյովրի տեղ ԵԽ բոլոր անդամ-երկրների համար), ինձ թվում է, որ սա նմանատիպ տեքստերի հետ աշխատանքի շատ ճիշտ ճանապարհ է աշխատելու: Սա շատ ճիշտ որոշում է:
Ցավոք սրտի, այսօր մենք կարող ենք խոսել գագաթաժողովի արդյունքների մասին միայն հռչակագրի մակարդակով և հիմա այդքան էլ հասկանալի չէ, թե ինչ է դա նշանակում առանձին երկրների համար: Մյուս կողմից, ակնհայտ է, որ երկրներից ոչ մեկը լիովին բավարարված չի մնացել ոչ միայն գագաթաժողովի վերջնական արդյունքներից, այլ նաև, ընդհանուր առմամբ գոյություն ունեցող աշխարհաքաղաքական իրավիճակից և Արևելյան գործընկերության ներկայիս փուլից, որտեղ մենք գտնվում ենք:
- Գագաթաժողովից հետո ի՞նչ վեկտորով է զարգանալու Բելառուսի և ԵՄ-ի, ինչպես նաև Արևելյան գործընկերության այլ անդամ-երկրների հարաբերությունները:
- Բելառուսի համար, փաստացի, մնում է տնտեսական շրջանակի առաջնահերթությունը. այսինքն՝ ցանկացած հարց՝ կապված տնտեսական համագործակցության, ներդրումների, առևտրի հետ (խոսքը վերաբերում է ոչ թե համաձայնագիր կնքելու համակարգին, այլ ազատ առևտրի գոտուն): Քաղաքական հարցերը, դատական բարեփոխումները, քաղաքական բանտարկյալների հարցը և ժողովրդավարական բնույթի ցանկացած այլ նորմեր, որոնք նույնպես ներառված են Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգում, ամենայն հավանականությամբ, մղվելու են երկրորդ, եթե ոչ երրորդ պլան. սա մեզ համար անակնկալ չէ:
Մյուս կողմից Բելառուսը միայն Բելառուսի իշխանությունը չէ, այլ նաև Բելառուսի հասարակությունն է: Դրանք այլ շահեր ունեցող խմբեր են ՝ բիզնես, քաղաքացիական հասարակության, մշակութային և գիտական շրջանակներ: Եվ այդ խմբերի շահերի շրջանակը շատ ավելի լայն է, քան այն, որն այսօր ցույց են տալիս Բելառուսի իշխանությունները: Հետևաբար, հասարակությունն ավելի շատ հետաքրքված կլինի նրանում, թե ինչ է տեղի ունենալու բիզնես համագործակցության մակարդակում, և թե ինչ կարող ենք ակնկալել մարդկանց միջև շփումների զարգացման համակարգում:
Իսկ դասական կետը մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումն է: Չնայած մեզ մշտապես հասկացնել են տալիս, որ պետք է ակնկալել արտոնագրային ռեժիմի դյուրացում, այնուամենայնիվ, երկու տարվա ընթացքում գագաթաժողովի առաջընթացը նվազագույնն է: Այժմ ավելի շատ ընթանում է այս խաղաղաքարտի օգտագործումը՝ որպես Բելառուսի և ԵՄ-ի հարաբերությունների սակարկման առարկա: