Հայաստանը և ԵՄ–ն ընդհանուր փոխըմբռնման են հասել «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում, չորեքշաբթի Ազգային ժողովում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը 2014 թվականի բյուջեի կատարողականի մասին զեկույցների ընթացքում։
«Եվրամիությունը եղել և մնում է Հայաստանի կարևորագույն գործընկերը։ Երևանը պատրաստ է շարունակել գործակցությունը ԵՄ–ի հետ տարբեր ոլորտներում։ Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել։ Բրյուսելի հետ նոր համաձայնագիրը պետք է ընդգրկի հարցերի ամենալայն շրջանակ»,– ասել է Նազարյանը։
Ըստ նրա` առաջիկայում ենթադրվում է քննարկում սկսել նոր համաձայնագրի, ինչպես նաև Հայաստանի հետ արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունների շուրջ։
«Հայաստանի և ԵՄ–ի միջև հարաբերությունները թափանցիկ են, և դրանք ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Ներկայում խոսքը ոչ թե եվրաինտեգրման, այլ միայն տարբեր ոլորտներում գործակցության մասին է։ Այդ առիթով խորհրդատվություններ են անցկացվել ռուսական կողմի հետ»,– ասել է փոխնախարարը: