Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո «Արմեդիա» ՏՎԳ-ն անցկացրել է հարցազրույցների շարք Արևելյան գործընկերության երկրների փորձագետների հետ: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցն «Օրենսդրական նախաձեռնությունների լաբորատորիայի» (Ուկրաինա) նախագահ Իգոր Կոհուտի հետ:
- Ինչպե՞ս եք գնահատում Արևելյան գործընկերության քաղաքականության ներկայիս փուլը: ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրն ի՞նչ բարեփոխումների կարիք ունի:
- Գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ հստակ նպատակ է դրված հաղթահարել առկա մարտահրավերները: Առաջին հերթին, դա Արևելյան գործընկերության երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ տարբերակված մոտեցման ցուցաբերումն է: Դա անհրաժեշտ է ԵՄ հետ երկխոսությունների և քննարկումների հորիզոնը հաշվի առնելու համար: Այն երկրները, որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը, իհարկե, այլ հարաբերություններ ունեն ԵՄ-ի հետ: Եթե խոսքը մյուս երեք երկրների մասին է, ապա վերջին մեկ-մեկուկես տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարվել նրանց հետ համագործակցության հիմնական և հնարավոր ուղղությունների սահմանման շուրջ:
- Որքանո՞վ են Ռիգայի գագաթաժողովից Ձեր սպասումներն արդարացել: Ըստ Ձեզ՝ ո՞րն է գագաթաժողովի ամենակարևոր ձեռքբերումը:
- Մինչ գագաթաժողովը մենք, այնուամենայնիվ, ունեինք փոքր-ինչ այլ սպասումներ: Առաջին հերթին, ինչ վերաբերում է հռչակագրի և նրա՝ Ուկրաինային վերաբերող մասի ստորագրմանը, ապա մեզ համար շատ կարևոր էր, որ Ուկրաինայի եվրոպական հեռանկարները հաստավեին, ինչը տեղի չունեցավ: Երկրորդ կարևոր հարցը վիզային ռեժիմի դյուրացումն էր: Այսպես ասենք՝ Ուկրաինան ո՛չ այս, ո՛չ էլ մյուս դեպքում չստացավ կարգավիճակ և ազդանշան:
Ընդհանուր առմամբ, ԵՄ այլ հարցերում ավելի համամիտ էր Ուկրաինայի հետ, համենայն դեպս, գագաթաժողովի մասնակիցների մեծ մասը: Ռուսաստանի ագրեսիայի և անեքսիայի բնորոշման հարցում ԵՄ-ն արտահայտեց իր կարծիքը, որը մասամբ աջակցություն չգտավ հետխորհրդային որոշ գործընկերների մոտ:
- Գագաթաժողովից հետո ԵՄ և ԱլԳ մասնակից մյուս երկրների հետ Ուկրաինայի հարաբերություններն ի՞նչ ուղղությունով են զարգանալու:
- Գագաթաժողովից հետո ուղղությունը շատ հստակ է՝ ստանալ որոշ երաշխիքներ և վիզային ռեժիմի վերացման ավելի կարճ ժամկետներ: Նախագահ Պորոշենկոն արդեն հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի և վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների պլանի վրա ոչ լիարժեք աշխատած քաղաքական գործիչների նկատմամբ կոշտ միջոցներ կիրառելու մասին:
Նախատեսվում է, որ կընդունվեն որոշ քաղաքական որոշումներ, որոնք հնարավորություն կտան հեռանկար ստանալ Ազատ առևտրի գոտու համաձայնագրի իրականացման համար:
Մեզ համար ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումը շարունակում է գերակայություն մնալ: Կան նաև խոշոր ձեռնակություններ, որոնք հետաքրքրված են այս գործընթացով:
Արևելյան գործընկրության մասնակիցների հետ զարգանում են հավասար հարաբերություններ՝ ուղղված երկրներից յուրաքանչյուրում առկա սպառնալիքները հասկանալուն:
Այսինքն, այն, ինչին մենք ականատես ենք մերձբալթյան երկրներում, ԵՄ-ն ձգտելու է անել նաև այն երկրներում, որոնք կայացրել են եվրոպական ընտրություն՝ ԵՄ-ին ավելի արագ ընդառաջ գնալու համար: