Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն որոշել է իր հույն գործընկեր Յանիս Վարուֆակիսին հյուրասիրել մի քանի շոկոլադե եվրո, հաղորդում է Reuters-ը: Նման հայտարարությամբ նախարարը հանդես է եկել մայիսի 28-ին, սակայն միայն հիմա են ուշադրություն դարձրել դրան:
Շոյբլեն որպես հյուր ներկա է եղել Logo մանկական հաղորդմանը, որը հեռարձակվում է գերմանական ZDF հեռուստաալիքով: Աղջիկը, որը հարցազրույց է վերցրել նախարարից, նրան տվել է եվրոյի ձևով շոկոլադե կոնֆետներ: «Ես մի քանիսը կտամ իմ հույն գործընկերոջը, նրան ևս պետք են ամուր նյարդեր»,- հայտարարել է Շոյբլեն:
Գերմանիայի և Հունաստանի ֆինանսների նախարարները բազմիցս վիճաբանել են հանրության առաջ Աթենքի պարտքերի և տնտեսական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության շուրջ: Շոյբլեն հայտարարել է, որ Հունաստանը «խարխլում է վստահությունը երկրների միջև»:
Հունաստանի ընդհանուր պարտքը միջազգային վարկատուներին կազմում է 320 միլիարդ եվրո: