Օրերս թուրքական մամուլում աղմուկ բարձրացրեց Cumhuriyet-ի կողմից լուսանկարների և տեսագրության հրապարակումը, որոնք ապացուցում են Սիրիա ուղևորվող` Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության բեռնատարներում զինամթերքի առկայությունը:
Այս առիթով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել մեկնաբանությամբ և հայտարարել, որ «ոչ մեկի գործը չէ», թե ինչ են բեռնատարները տեղափոխում:
Ինչ խոսք, մեկնաբանությունն ամբողջովին Թուրքիայի վարչապետի ոճով է. ո՞ւմ գործը կարող է լինել սիրիական ճգնաժամը, որի զոհերին ՄԱԿ-ն արդեն դադարել է հաշվել: Ո՞ւմ գործը կարող են լինել միլիոնավոր փախստականների ճակատագրերը, ովքեր ամիսների ընթացքում կորցրեցին ամեն ինչ` հայրենիք, օթևան, ունեցվածք... Ո՞ւմ գործը կարող է լինել այն, որ սիրիական ճգնաժամի պատճառով ընդլայնվող ու բարգավաճող «Իսլամական պետությունն» իր նվաճած տարածքները «մաքրում է» բոլորից, ովքեր չեն կիսում նույն կրոնն ու գաղափարները՝ ազատվելով նույնիսկ վերջիններիս մշակութային ժառանգությունից:
Սակայն Թուրքիայում հնչում են նաև այլ կարծիքներ: Թուրք իրավապաշտպաններն արդեն հայտարարել են, որ իսլամիստներին զենքի մատակարարումը հակասում է ինչպես Թուրքիայի օրենսդրությանն, այնպես էլ միջազգային նորմերին և նման գործելաոճի համար պաշտոնական Անկարան ստիպված կլինի բացատրություն տալ միջազգային դատարանում:
Ինչպես նշում է Today’s Zaman-ը, Ստամբուլի հանրային դատախազի նախկին տեղակալ Զեքերիա Օզը, ով աշխատանքից ազատվել էր 2013-ի դեկտեմբերի կոռուպցիոն սկանդալի հետևանքով, հայտարարել է, որ Դավութօղլուի մեկնաբանություններն ակնհայտ են դարձնում, որ երկրի վարչապետը լավ ծանոթ չէ միջազգային իրավունքին և չի պատկերացնում, որ զենքի մատակարարման համար երկիրը կարող է պատասխանատվության ենթարկվել միջազգային դատարանում:
Ինչ խոսք, առնվազն ծիծաղելի է զենք մատակարարել հարևան երկիրն ավերակների վերածող ծայրահեղականներին և հայտարարել, թե դա ոչ մեկի գործը չէ: Այնուամենայնիվ, թվում է թե հարցը շուտով կդառնա միջազգային հանրության և միջազգային անվտանգության պահպանման համար պատասխանատու կառույցների գործը: Ի դեպ, Cumhuriyet-ի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի դեմ Ստամբուլի դատախազությունն արդեն գործ է հարուցել և սկսվել է հետաքննությունը:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը պարբերականը հրապարակել էր սենսացիոն լուսանկարներ և տեսագրություն՝ արված 2014թ. հունվարին Ադանայում, որտեղ երևում է թուրք ժանդարմների կողմից Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը պատկանող բեռնատարների խուզարկությունը: Լուսանկարներում երևում է, որ բեռնատարները տեղափոխում են զինամթերք և ոչ թե «մարդասիրական օգնություն», ինչպես հայտարարված է: Խոսքը շուրջ 1000 հրետանային ականի, 50 հազար փամփուշտի, ականանետի 1000 արկի և պողպատյա վեց արկղերի մասին է:
Շաբաթ օրն Անկարայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դավութօղլուն խոստովանել է, որ բեռնատարները զենք են տեղափոխել՝ ավելացնելով, թե դա Սիրիայի էթնիկ թուրքմենների համար նախատեսված «օգնություն» է: