Ի պատասխան ուկրաինական ճգնաժամի հետևանքով Եվրամիության «սև ցուցակի»՝ Ռուսաստանը նոր պատժամիջոցներ է սահմանել ԵՄ-ի դեմ՝ անցյալ շաբաթ կազմելով սեփական «սև ցուցակը»: Այն ընդգրկել է Եվրամիության 89 պաշտոնյաների անուններ, որոնց արգելվում է մուտք գործել Ռուսաստան: Այսպես կոչված «սև ցուցակը» հրապարակել է ֆիննական հեռուսառադիոհեռարձակող Yle co կորպորացիան՝ վկայակոչելով Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտենի տվյալները:
Ցուցակում ընդգրկված են Եվրախորհրդարանի նախկին և ներկա անդամներ, ԵՄ երկրների հատուկ ծառայությունների աշխատակիցներ և զորահրամանատարներ: Ցուցակում են հայտնվել նախկին վարչապետեր, արտգործնախարարներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, ինչպես նաև հետախուզության աշխատակիցներ:
Նրանց թվում է եղել Մեծ Բրիտանիայի նախկին փոխվարչապետ Նիկ Կլեգը, Բելգիայի նախկին վարչապետ, Եվրախորհրդարանի պատգամավոր Գայ Վերխոֆստատը, ԵՄ ընդլայնման հարցերով նախկին եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ֆրանսիացի լրագրող Բերնար-Անրի Լևին։
«Սև ցուցակում» են նաև Ֆինլանդիայից Եվրախորհրդարանի անդամ Հեյդի Խաուտալան, Լիտվայի Սեյմի նախկին նախագահ և նախկին եվրապատգամավոր Վիտաուտաս Լանդսբերգիսը, բրիտանական խորհրդարանի նախկին պատգամավոր Մալկոլմ Ռիֆկինդը, Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ Սքոթ Մակմիլանը, ֆրանսիացի ձախ քաղաքական գործիչ Դանիել Կոն-Բենդիտը:
Այս սև ցուցակը մեծ իրարանցում է առաջացրել Եվրոպական միությունում: Երկրներից յուրաքանչյուրը քննադատում և բացատրություն է պահանջում Ռուսաստանից: Վերջինս բուռն քննադատության է արժանացել Մեծ Բրիտանիայի կողմից: Ինչպես հայտնել են նրանց ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ Ռուսաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ իրավական հիմք այսպիսի ցուցակի համար: Նրանց կարծիքով, եթե ՌԴ-ն մտածում է, որ նման գործողությունները կհանգեցնեն ԵՄ-ի դիրքորոշման փոփոխությանը պատժամիջոցների վերաբերյալ, ապա սխալվում է: Նրանք նաև նշել են, որ «պատժամիջոցների վերացմանը Ռուսաստանը կարող է հասնել այն դեպքում, եթե իր զորքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից»:
Իտալիան, իր հերթին, հայտարարել է, որ ՌԴ-ի այս քայլն անհասկանալի է: Նրանց կարծիքով՝ այս որոշումը չի նպաստում ԵՄ-ի և Ռուսաստանի միջև երկխոսությանը, որին Իտալիան միշտ էլ աջակցել է:
Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանից բացատրություններ են պահանջել «սև ցուցակում» Գերմանիայի ութ քաղաքացիների ներգրավվելու պատճառների վերաբերյալ:
Սակայն Մոսկվան կարելի է ասել, որ զարմացած է եվրոպական հանրության արձանգանքից, քանի որ «սև ցուցակի» կիրառումը պատասխան քայլ է համարում:
Պետք է այստեղ նշել այն փաստը, որ պատասխան քայլ ասելով՝ Ռուսաստանը նկատի ունի 2014 թվականին կատարված իրադարձությունները: Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու և Ուկրաինայի արևմուտքում տեղի ունեցող հակամարտության պատճառով եվրոպական երկրները սև ցուցակ էին մտցրել Ռուսաստանի տասնյակ քաղաքացիների: Նրանց նկատմամբ կիրառվել են վիզային պատժամիջոցներ, իսկ նրանց հաշիվները Եվրոպական Միության տարածքում սառեցվել են: Այս պատժամիջոցները կիրառվել են նաև ռուսական մի շարք ընկերությունների հանդեպ: Մեկ տարվա ընթացքում այս ցուցակը բազմիցս ընդլայնվել է՝ բացասական ազդեցություն թողնելով ՌԴ-ի տնտեսության վրա: Կարելի է ասել, որ Ռուսաստանը պատասխան հարված է տալիս ԵՄ-ին:
Ռուսաստանի պատասխան պատժամիջոցներն Եվրոպական Միության երկրների քաղաքացիների դեմ կիրառվել են այն գործարարների նկատմամբ, ովքեր Ուկրաինայում աջակցել են պետական հեղաշրջմանը, որի արդյունքում Ուկրաինայում ապրող ռուսները սկսել են ենթարկվել հալածանքների և խտրականության:
Իսկ ինչ վերաբերում է ցուցակի հրապարակմանը, որի համար Ռուսաստանն անընդմեջ քննադատվում է՝ պետք է նշել, որ այն տեղի է ունեցել Եվրոպական Միության խնդրանքով: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան ԵՄ-ի խնդրանքով եվրոպացիներին է ներկայացրել իր սև ցուցակը. հրապարակել այն, թե՝ ոչ, եղել է գործընկերների խնդիրը:
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ վարչության տեղեկատվության և մամուլի փոխնախագահ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եվրոպական դիվանագետների արձագանքն այն բանի վերաբերյալ, որ ռուսական կողմը հանձնել է նրանց այն անձանց ցուցակները, որոնց նկատմամբ իրականացվել են պատժամիջոցները, դիտվում է որպես ստորություն:
Ռուսաստանն այս քայլով ցույց է տալիս, որ բացարձակապես հավանություն չի տալիս Արևմուտքի վարած քաղաքականությանը և ցանկանում է այս միջոցով ստիպել ԵՄ-ին վերջ դնել պատժամիջոցների կիրառմանը: Սակայն ԵՄ-ն, իր հերթին, չի պատրաստվում իրականացնել ՌԴ-ի ցանկությունն այնքան ժամանակ, միչև վերջինս չկատարի Մինսկի պայմանագրի բոլոր կետերը: