Ուկրաինան պատրաստվում է պահանջել Ռուսաստանի արտասահմանյան գույքը՝ որպես փոխհատուցում Ղրիմի՝ Ուկրաինայի կազմից դուրս գալու ժամանակ կրած տնտեսական կորուստների: Այս մասին ուկրաինական «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարարի առաջին տեղակալ Նատալյա Սևաստևանովը:
Փոխնանխարարը հայտնել է, որ սա վնասների փոխհատուցման հնարավոր տարբերակներից է: Սակայն փոխհատուցման ձև ընտրելուց առաջ անհրաժեշտ է ստանալ Ուկրաինայի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դրական որոշումը: «Արտասահմանում գտնվող սեփականության ձերբակալման գործիքները բավականին արդյունավետ են գործում: Ես վստահ եմ, որ մենք այն կօգտագործենք այս որոշումը կյանքի կոչելու համար»,- հայտարարել է Սևաստյանովան:
Մոսկվան արդեն արձագանքել է Կիևի այս հայտարարությանը՝ նշելով, որ կօգտագործի իրավական բոլոր մեխանիզմներն արտասահմանում իր ունեցվածքը պաշտպանելու համար: Ռուսաստանի նախագահի գործերի կառավարչի մամլո խոսնակ Վիկտոր Խրեկովը հայտարարել, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանին պատկանող սեփականություն չկա: Նա նաև հիշեցրել է Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ պետությունների միջև պարտքը սեփականության փոխանցման միջոցով մարելու համաձայնագրերի մասին: Խրեկովը նշել է, որ Ուկրաինան այսպես կոչված արգելափակող նոտա է ընդունել և խանգարում է անշարժ գույքի գրանցմանը՝ հավակնություններ ներկայացնելով մի շարք օբյեկտների նկատմամբ, այն դեպքում, երբ Ռուսաստանը վճարել է ուկրաինական պարտքերը: Այս հարցը Ռուսաստանը երկար տարիներ փորձում է կարգավորել բանակցությունների միջոցով, բայց ապարդյուն:
Ավելացնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին Կիևը Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց է ներկայացրել Ղրիմի՝ Ռուսաստանին միավորելու կապակցությամբ Ուկրաինայի կրած տնտեսական վնասները փոխհատուցելու համար: Հայցում նշված գումարը գերազանցում է տրիլիոն գրիվնան, որը համարժեք է 47.3 մլրդ ամերիկյան դոլարի: Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Կիևը մտադիր է Մոսկվայի դեմ հայց ներկայացնել թերակղզում սեփականության կորստի յուրաքանչյուր դեպքի համար:
Այժմ Կիևը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին մի քանի հայց է ներկայացրել Մոսկվայի դեմ: Ռուսաստանում համոզված են, որ Կիևի մոտ ոչինչ չի ստացվի: