Եվրոպական միությունը կրկին ու կրկին դեմ է առնում հունական խնդրին: Չնայած տարիներ տևող տարատեսակ քննարկումներին ու բանակցություններին՝ կողմերը որևէ կոնկրետ ու վերջնական լուծման միևնույն է չեն կարողանում հասնել: Եվրոպան հոգնած ու «մինչև կոկորդը կուշտ» է Հունաստանից, Հունաստանն էլ, իր հերթին, հիասթափված ու նեղսրտած Եվրոպայի «անտարբերությունից»:
Համաձայն Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի խոսքերի` հունական հարցը միայն Հունաստանին չի վերաբերում: Ավելին՝ հունական հարցը համարվում կարևորագույն խնդիրներից մեկը եվրոպական միասնականությանը վերաբերող երկու հակադարձ ռազմավարությունների մրցակցության պայմաններում: Առաջին ռազմավարությունը նպատակ ունի խորացնել եվրոպական միասնականությունն իր քաղաքացիների շրջանում՝ ժողովրդավարության ու հավասարության համատեքստում, իսկ մյուսը՝ խորացնել բաժանումն ու խմբավորումը: Հարցն այն է, թե ո՞ր ռազմավարությունը վերջիվերջո կգերիշխի:
Օրերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունական խնդրի հետ կապված Բեռլինում արտահերթ գագաթաժողով էր հրավիրել̦ որին մասնակցում էին նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին և մի շարք այլ ԵՄ պաշտոնյաներ: Նրանց հանդիպումն ուղղված էր հունական հնարավոր դեֆոլտն կանխելու խնդրին՝ հույներին հերթական անգամ բարեփոխումների համար կանխիկ գումար տրամադրելու միջոցով:
Բանն այն է, որ Հունաստանն արդեն 300 միլիոն եվրոյի պարտք ունի Միջազգային արժութային հիմնադրամին, բայց խիստ կասկածներ կան, որ այդ գումարը կարող է մարվել առանց հետագա ֆինանսական օգնության:
Այսօր երեկոյան Հունաստանի վարչապետը կրկին հանդիպում է ունենալու իր եվրոպական պարտատերերի, ինչպես նաև եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ, ում հետ բանակցություններն, ըստ Ցիպրասի, բարդ են լինելու և դժվար փոխզիջումներով հագեցած: Բայց հույները, վարչապետի խոսքերով, չեն ընդունի իրենց ուղղված որևէ վերջնագիր և առավել ևս չեն համակերպվի ԵՄ կողմից շանտաժի լեզվին:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա փորձագետները նշում են, որ չնայած երկու կողմերն էլ դեռ շատ ճիգ ու ջանք պետք է գործադրեն արդյունքի հասնելու համար, միևնույնն է քննարկումներն ընդհանուր առմամբ արդյունավետ էին, և իրական առաջընթաց կա հունական կառավարության և իր պարտատերերի երկխոսության մեջ, որի ընթացքում դուրս են բերվել հունական կողմի առաջարկների առավելություններն ու թերությունները, սպասվող նոր բարեփոխումների լավ ու վատ կողմերը:
Համաձայն Եվրոստատի վիճակագրական տվյալների` Հունաստանում վերջին հինգ տարվա ընթացքում գործազրկության թիվը հասել է 28%-ի, իսկ մարդկանց միջին եկամուտն ընկել է շուրջ 40%-ով: Այս առիթով Ալեքսիս Ցիպրասը հարցազրույց է տվել ֆրանսիական «Լը մոնդ» թերթին՝ հայտնելով, որ հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է վերջնական լուծում տալ այս հարցին:
«Եթե որոշ մարդիկ կարծում են, թե այս բարդ իրավիճակը միայն Հունաստանին է վերաբերում, ապա չարաչար սխալվում են: Ես խորհուրդ եմ տալիս նրանց վերընթերցել Հեմինգուեյի գլուխգործոցը` «Ու՞մ մահն է գուժում զանգը», - հեգնել է Ցիպրասն իր ԵՄ գործընկերներին:
Ինչևէ, անկախ այն բանից, թե ծրագրի անունը կդնենք «կանխիկ գումար բարեփոխումների դիմաց», թե որևէ այլ բան, փաստն այն է, որ այսօր Եվրոպան իրականում ի վիճակի է նպաստել հունաեվրոպական տնտեսության շուտափույթ վերականգնմանը, և, ըստ հունական կողմի, ԵՄ-ն պետք է դադարեցնի իր «Grexit» սցենարները, ասել է թե՝ Հունաստանը ԵՄ կազմից հանելու հարցը,քանի որ ամեն դեպքում կարելի է մի վերջին անգամ էլ փորձել հաշտեցման ու համերաշխության եզրեր գտնել՝ փորձելով երկուստեք հաղթահարել մարտահրավերները: