Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր մի օրենք է ստորագրել̦ ըստ որի հնարավոր է արգելել օտարերկրյա «անցանկալի» կազմակերպությունների աշխատանքը ՌԴ-ում̦ ինչը Կրեմլի քննադատների կարծիքով՝ առաջին հերթին ռուսական քաղաքական ընդդիմությանը հնարավորինս ճնշելուն է ուղղված: Սակայն թյուրիմացությունն այն է̦ որ «անցանկալի» կազմակերպության բնորոշումը շատ տարբեր կերպ կարող է ընկալվել̦ այն շատ աղոտ ու անորոշ է հնչում: Ամեն դեպքում օրենքի տեքստում ընդգծվում է, որ ռուսական սահմանադրությանն ու ազգային անվտանգությանը սպառնացող նմանօրինակ կազմակերպությունները կարող են տուգանվել մինչև 100 հազար ռուբլիով, իսկ դրանց անդամներն էլ ազատազրկման դատապարտվել ընդհուպ մինչև 8 տարի ժամկետով:
Այս օրենքը խիստ անհանգստություն է առաջացրել մի շարք հետաքրքրված կողմերի մոտ՝ այդ թվում ԱՄՆ-ի և Եվրոպական միության, իսկ անձամբ Ֆեդերիկա Մոգերինին՝ ԵՄ գերագույն հանձնակատարը, այս առիթով հայտարարել է̦ որ օրենքը ոչ միայն ընդդիմության, այլև քաղաքացիական հասարակության և անկախ ԶԼՄ-ների դեմ ուղղված նախաձեռնություն է:
Իսկ Amnesty International իրավապաշտպան կազմակերպության կարծիքով այս օրենքը պարզապես «կյանքից է զրկում» ռուսական քաղաքացիական հասարակությանը: Transparency International-ի տնօրեն Անտոն Պոմինովն էլ, իր հերթին, հայտարարել է. «Այս օրենքն ուղղակի հրաշալի է նրանով, որ նույնիսկ դատավարության կարիք չի զգացվում: Այսինքն՝ յուրաքանչյուր կազմակերպություն յուրաքանչյուր պահի կարող է «անցանկալի» համարվել, և դա ոչ քննարկման ենթակա կլինի, ոչ՝ դատ ու դատաստանի»:
Բանն այն է, որ ռուսական բանկերը պետք է հրաժարվեն նմանօրինակ կազմակերպությունների համար ֆինանսական գործողություններ իրականացնելուց, և կասկածների դեպքում տեղեկատվություն տրամադրեն Ռուսֆինմոնիտորինգին, որն էլ, իր հերթին, դիմում պետք է գրի գլխավոր դատախազություն: Իսկ ահա գլխավոր դատախազը կամ նրա տեղակալներն արդեն արտգործնախարարության օգնությամբ կարող են արգելել «անցանկալի» կազմակերպություններին որևէ գործունեություն իրականացնել ՌԴ տարածքում: