ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչն, այսօր Երևանում եզրափակելով տարածաշրջանային իր այցը, հայտարարել է, որ Բաքվում առաջարկել են ընդլայնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմը: Իհարկե Սերբիայի արտգործնախարարն այնուհետև ավելացրել է, որ նման փոփոխության համար անհրաժեշտ է կոնսենսուսի հասնել ԵԱՀԿ-ում (ինչը փաստացիորեն անհնար է, քանի որ Հայաստանն ունի վետոյի իրավունք այս կառույցում) և քանի դեռ այդպիսին չկա «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատել»:
Հայկական կողմի արձագանքն այս առաջարկին հասկանալի պատճառով կտրուկ է եղել: Սակայն անկախ այն հանգհամանքից, որ Բաքվի այս առաջարկը մոտ ապագայում հազիվ թե իրականություն դառնա, ակնհայտ է, որ Ադրբեջանն այլևս չի փորձում քողարկել ղարաբաղյան կարգավորման գործընթացում իր ապակառուցողական կեցվածքը և բացահայտ սադրանքների է գնում: Եթե նախկինում Բաքուն փորձում էր կարգավորման առկա ձևաչափից խուսափել բավականին քողարկված ու թվացյալ կառուցողական քայլերով, օրինակ` կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնությունից խուսափելու համար` առաջարկելով բանակցություններ սկսել խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ, ապա այժմ անկաշկանդ հայտարարում է, որ դեմ է մինչև այժմ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին` թե՛ բանակցային սկզբունքների, թե՛ բանակցային ձևաչափի առումով:
Հասկանալի է, որ Բաքվի դիրքորոշման նման կոշտացումը պայմանավորված է Ռուսաստան-Արևմուտք սրացման ֆոնին եվրոպական էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով Ադրբեջանի նկատմամբ աճած հետաքրքրությամբ: Մինչդեռ Բաքվի նման պահվածքը պետք է ահազանգ լինի միջազգային հանրության և առաջին հերթին հենց ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների համար: Աչք փակելով Ադրբեջանի ներսում բռնաճնշումների, հայկական կողմերի նկատմամբ այս երկրի ագրեսիվ գործողությունների ու քաղաքականության նկատմամբ, նրանք փաստորեն խրախուսում են ալիևյան ռեժիմ սանձարձակությունը` սարքելով վերջինիս չարիք ինչպես սեփական ժողովրդի, այնպես էլ հայկական պետությունների համար: Եվ այս իմաստով, բնականաբար միջազգային հանրությունը պատասխանատու է և' ադրբեջանցիների տառապանքների, և' ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության, և' հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար սրվող իրավիճակի համար: Հետաքրքիր է` կա՞ արդյոք գիտակցում միջազգային առաջնորդների շրջանում, թե ինչի են նրանք այսպիով նպաստում: Թվում է` նպաստում են մի նոր բռնակալի առաջացման, որը շուտով հաշվի չի նստելու նույնիսկ իրեն իսկ կերտողների հետ...