Ուկրաինական կառավարության զինված ուժերն ու ռուսամետ անջատողականները երեկ իրենց ամենադաժան բախումն են ունեցել զինադադարի հաստատումից ի վեր: Ապստամբները 12 ժամ տևող ճակատամարտից հետո 15 զոհ են ունեցել:
Իրադարձությունները տեղի են ունեցել Դոնեցկից 9 մղոն հեռավորության վրա գտնվող և ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող Մարինկա քաղաքում̦ որն արդեն իսկ այս ամիսների ընթացքում հասցրել է կռվի շատ դաժան օրեր տեսնել: Իսկ մինչ ուկրաինական ճգնաժամն ընդհանրապես̦ Մարինկայում ապրում էին մոտ 9.900 հոգի:
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է̦ որ Ռուսաստանը խախտում է Մինսկի խաղաղության համաձայնագրերն ու իր ահաբեկիչներին ռազմական գործողություններ սկսելու հրամաններ է տալիս: Իսկ Ռուսաստանը̦ հակադարձել է ուկրաինական կողմին̦՝ասելով̦ որ վերջիններս իրենք են սադրիչ գործունեություն ծավալում:
«Ինչպես տեսնում ենք̦ ուկրաինական զինված ուժերը կրկին սադրիչ գործողություններ են իրականացնում, ինչը մեզ Մոսկվայում շատ խիստ անհանգստացնում ու մտահոգում է»,- հայտնել է Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ողբերգական դեպքից հետո: Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լարովն, իր հերթին, նշել է, որ այս թարմ միջադեպի համար պատասխանատուները փորձում էին կանգնեցնել խաղաղության գործընթացի այն առաջընթացը, որը միջազգային հանրության կողմից էր միջնորդվել, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչ վերաբերում է հետաքրքրված եվրոպական կողմին, ապա Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները̦ ովքեր ամեն կերպ ջանում էին տարածաշրջանում խաղաղություն հաստատել̦ Եվրոնյուզի հաղորդմամբ`խիստ հիասթափված են չորեքշաբթի օրվա բռնություններից̦ որոնք, փաստորեն, խախտեցին առանց այն էլ փխրուն զինադադարի համաձայնագիրը:
ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակ Մերի Հարֆն էլ իր կողմից նշել է. «Ռուսաստանն անմիջական պատասխանատվություն է կրում հարձակումները կանխելու և զինադադարն ինչպես հարկն է չպահպանելու հարցում»,- հաղորդում է Վաշինգտոն փոստը:
Զինադադարը̦ որը հայտնի է որպես Մինսկ II համաձայնագիր̦ ստորագրվել է այս տարվա փետրվարի 12-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Ուկրաինայի̦ Ռուսաստանի̦ Ֆրանսիայի ու Գերմանիայի կողմից: Համաձայնագրի մեջ գլխավորապես նշվում էր այն մասին̦ որ տարածաշրջանում անվտանգություն հաստատելու առաքելությունից ելնելով` պետք է անմիջապես հետ քաշվեն բոլոր տեսակի ծանր զենք-զինամթերքը: Սակայն ուկրաինական կողմը խոստովանել է̦ որ Մարինկայի միջադեպի ժամանակ իրոք կիրառել են արգելված զենքերը զուտ ինքնապաշտպանությունից ելնելով:
Այնուամենայնիվ̦ դեռևս մինչև վերջ չի պարզվել̦ թե իրականում ով է պաշտպանվել̦ ով է հարձակում գործել̦ կամ հրահրել: Տեսակետները տարբեր են̦ իսկ Մարինկայում հենց այս պահին էլ խիստ լարված իրավիճակ է տիրում̦ ինչի արդյունքում ՆԱՏՕ-ն արտահերթ քննարկման է մտցրել հարցը̦ թե արդյո՞ք արժե խաղաղապահ ջոկատ ուղարկել Ուկրաինա: