Ուկրաինայում կառավարական ուժերի գործողությունների անցկացման գոտում իրավիճակի սրման հետ կապված վերաբնակեցվողների թիվը կտրուկ ավելացել է: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը` հունիսի 5-ին անցկացված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:
«Հումանիտար իրավիճակն արտակարգ բարդ է, Ուկրաինան ընդգրկված է այն 10 երկրների կազմում, որոնցում ներքին տեղահանվածների թիվը գերազանցել է 1.3 մլն-ը: Մեկ տարի առաջ իրավիճակը լրիվ այլ էր: 16000 մարդ միայն մայիսի վերջին շաբաթում է տեղահանվել»,- ասել է վերջինս:
Ֆելթմանի խոսքով` շուրջ 870 000 ուկրաինացի անօթևան կեցության իրավունք է խնդրել հարևան երկրներում: «Եվ նրանցից 10 000-ը` միայն մայիսի երկրորդ կեսին: Տեղահանվող մարդկանց թիվը մշտապես ավելանում է», - ընդգծել է նա: