Շաբաթը Եվրոպայում հագեցած էր բավական հետաքրքիր իրադարձություններով ամենատարբեր թեմաների շուրջ: Սկսած Հունաստան - Եվրոպական միություն՝ պարտապան-պարտատեր հարաբերություններից, եվրագոտու հնարավոր բարեփոխումներից, վերջացրած՝ Ռուսաստանի կազմած ԵՄ քաղաքացիների «սև ցուցակով», ինչպես նաեւ Ուկրաինայի տարածքում տեղի ունեցած ամենաթարմ բախումներով:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ողողել են համացանցն իրենց զանազան հայտարարություններով թվարկված այս դեպքերի շուրջ, որոնք ներկայացնում ենք ստորև.
«Հունաստանի կողմից եվրագոտին լքելու հնարավորությունը երբևէ չի դիտարկվել: Չնայած բոլոր տեսակի խոսակցություններին՝ դա տեղի չի ունենա, իսկ Հունաստանը մինչև 2020 թվականը 35 միլիարդ եվրո կստանա` տնտեսական բարեփոխումներ անցկացնելու պայմանով»:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկեր
«Ես պարզապես ցնցված եմ կարդալով Ռուսաստանի «սև ցուցակը», որտեղ ընդգրկված են մեծ թվով Եվրոպական խորհրդարանի նշանավոր անդամներ: Սա պարզապես անընդունելի քայլ է ՌԴ կողմից, որը խոչընդոտում է հնարավոր կառուցողական երկխոսությանը, ինչի շնորհիվ հնարավոր էր ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում խաղաղ լուծման ճանապարհներ գտնել: Չնայած իմ բոլոր պաշտոնական խնդրանքներին ռուսական իշխանություններին ուղղված ՝ «սև ցուցակը» հանրային դարձնելու և այնտեղ ներառված յուրաքանչյուր անհատի դեմ հիմնավոր փաստարկներ բերելու, մեր անդամները պարբերաբար կանգնեցվում են ռուսական սահմանի մոտ և հետ ուղարկվում: Ուստի ես ևս մեկ անգամ հորդորում եմ ՌԴ իշխանություններին ապահովել իրենց որոշումների թափանցիկությունը՝ թույլ տալով ԵՄ քաղաքացիներին հարկ եղած դեպքում բողոքարկելու նման որոշումները:»
Եվրոպական խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլց
«Մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ մի քանի ոլորտներում: Իհարկե քաջ հայտնի է, որ մեր գլխավոր տարաձայնությունն ուկրաինական ճգնաժամի հետ է կապված: Բայց ուրիշ շատ հարցերով մենք համագործակցում ենք, ինչպես օրինակ Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու խնդրով, Իրանի հետ բանակցություններ վարելու խնդրով և այլն: Իսկ Ուկրաինայի հարցը լուծելու համար պետք է միասին աշխատել մինսկյան համաձայնագրերը պատշաճորեն կիրառելու շուրջ: Դա և՛ եվրոպացիների, և՛ռուսների, և՛ հատկապես ուկրաինացիների շահերից է բխում:»
ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի