Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նախօրեին բողոքի ցույց է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են իշխող եվրոպամետ կոալիցիայի առաջնորդների հրաժարականի պահանջներ:
«Արժանապատվություն և արդարություն» քաղաքացիական պլատֆորմի կողմից կազմակերպված ցույցին մասնակցում էին ավելի քան 10 հազար մարդ: Ցուցարարները մեղադրում էին իշխանություններին երկրի բանկերից մեկ միլիարդ եվրո գողանալու մեջ: Այսպես, նախորդ տարի կոռուպցիայի և անօրինական մեխանիզմների միջոցով մոլդովական երեք բանկերից երկրից դուրս է հանվել 1 միլիարդ եվրո, ինչը հանգեցրել է երկրի ֆինանսաբանկային համակարգում լուրջ խնդիրների:
«Կառավարությունը ձևացնում է, թե պայքարում է կոռուպցիայի դեմ և բարեփոխումներ է իրականացնում երկրում: Քաղաքական կամքի բացակայությունը խոսում է այն մասին, որ իշխանությունները մասնակից են դարձել դարի գողությանը: Դրա արդյունքում միջազգային գործընկերները կորցրել են վստահությունը Մոլդովայի նկատմամբ, և անհնարին է դարձել դրսից երկրին աջակցությունը», - ասվում է հանրահավաքի արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարության մեջ:
Վերջինիս հեղինակները պահանջում են գլխավոր դատախազի, Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի, Մաքսային ծառայության ղեկավարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը: «Եթե այս պահանջները չիրականացվեն մինչև օգոստոսի 27-ը՝ Մոլդովայի անկախության օրը, մենք ավելի լայնածավալ ցույց կկազմակերպենք», - նշել է «Արժանապատվություն և արդարություն» քաղաքացիական պլատֆորմի ներկայացուցիչ Վալենտին Դոլգանյուկը, հայտնում է rusplt.ru-ն:
Հարկ է նշել, որ հանրահավաքի նախօրեին համանման պահանջով հանդես է եկել նաև Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը: Երկրի նախագահին և խորհրդարանին ուղղված բաց նամակում նա նշել է, որ «երկիրն ամբողջությամբ կոռումպացված է, նրա ֆինանսական համակարգն արյունահոսում է, իսկ դրա համար ստիպված են վճարել շարքային քաղաքացիները»: Գաբուրիչը պահանջել է հեռացնել իրենց պաշտոններից Գլխավոր դատախազին և Ազգային բանկի ղեկավարին, ինչպես նաև Ֆինանսական շուկայի հարցերով ազգային հանձնաժողովի ղեկավարին:
Իր այս պահանջը կատարելու համար վարչապետը մեկ ամիս ժամանակ է տվել՝ հակառակ դեպքում խոստանալով հրաժարական տալ, տեղեկացնում է kommersant.ru-ն:
Այսպիսով, կարելի է ասել, թե վարչապետը միացել է երկրի ընդդիմությանը՝ ինչը միանշանակ լուրջ ահազանգ է մոլդովական իշխանությունների համար:
Այս ամենի հետ միասին մոլդովացիները բողոքում են նաև երկրի եվրաինտեգրացիայի քաղաքականությունից: Մոլդովացիները դժգոհ են, որ չնայած ԵՄ-ին անդամակցության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների դրական գնահատականին՝ Բրյուսելը չի պատրաստվում Մոլդովային ընդունել իր շարքերն առաջիկա 10 տարիների ընթացքում: Այս մասին հատարարել էր Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:
Վերջին սոց․ հարցումների համաձայն, այժմ մոլդովացիների ընդամենը 40 տոկոսն է կողմ երկրի եվրաինտեգրացիայի քաղաքականությանը՝ 2007 թվականի 78 տոկոսի փոխարեն:
Ակնհայտ է դառնում, որ մոլդովական իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն ստեղծված իրավիճակը շտկելու համար։