Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակի վերաբերյալ հունիսի 10-ին Եվրոպական խորհրդարանում տեղի կունենան լսումներ «Սպորտը և մարդու իրավունքները Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի համատեքստում» խորագրով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Ազադլըգ» լրատվականը:
Լսումների մասին տարածված հայտարարության մեջ նշվում է, որ դրանց ժամանակ խոսվելու է երկրում իրավապաշտպանների վատ վիճակի մասին: Նշվելու է, որ նախքան խաղերի մեկնարկն Ադրբեջանի առաջատար լրագրողներ, բլոգերներ, ակտիվիստներ ու իրավապաշտպաններ հայտնվել են բանտերում: Պաշտոնական Բաքվի կողմից այլախոհներին լռեցնելու այս քաղաքականության նպատակն է նախքան խաղերը փորձ անել բարելավել երկրի հեղինակությունը միջազգային հարթակներում:
Հաղորդվում է, որ Եվրոպական խաղերը Բաքվից լուսաբանող օտարերկրացի լրագրողներին Բրյուսելում կոչ է արվելու ուշադրություն հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների խնդրի վրա, ինչպես նաև մասնակիցները ԵԽ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների ուշադրությունը ևս մեկ անգամ փորձելու են կենտրոնացնել Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: