Հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին իրավիճակը հանգիստ է և վերահսկելի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Իրավիճակը լիովին վերահսկելի է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից, այնպես որ` կարող ենք հանգիստ լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Անդրադառնալով հակառակորդի կողմից Տավուշի մարզի Բաղանիս համայնքի տների վրա կրակելու հանգամանքին՝ նախարարն ընդգծեց, որ նման դեպքերը պարտավորեցնում են ավելի հետևողական կերպով վերահսկել, սառնասիրտ որոշումներ ընդունել և պատրաստ լինել յուրաքանչյուր զարգացման: Նախարարն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի: