Արժույթի միջազգային հիմնադրամը բավական լավատեսորեն է տրամադրված Իսպանիայի տնտեսական վերականգնման հանդեպ՝ չնայած նշում է, որ դեռ բազմաթիվ բարեփոխումներ կան այստեղ անելու։ Երկրում դեռ շարունակում է շատ բարձր մնալ գործազրկությունը։
«Իսպանիան մեծ արագությամբ վերականգնվում է, աշխատատեղերի ստեղծման գործընթացն էլ է արագացել, չնայած դեռ խիստ բարձր է մնում գործազրկության տոկոսը», - նշված է Իսպանիայի տնտեսության վերաբերյալ ԱՄՀ վերջին վերլուծական զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 8-ին։ «Սկսած 2014 թվականի կեսերից ավելի քան կես միլիոն նոր աշխատատեղեր են ստեղծվել երկրում, բայց 5 միլիոնից ավել իսպանացիներ՝ այդ թվում բազմաթիվ երիտասարդներ, շարունակում են գործազուրկ մնալ»,- ասված է զեկույցում։
Նավթի գների անկումը, եվրոյի արժեզրկումը, ինչպես նաև Եվրոպական կենտրոնական բանկի կողմից Իսպանիային ցույց տված մշտական աջակցությունն այն ցանկալի նախադրյալներն են եղել, որոնք փաստորեն օգնել են երկրին տնտեսության վերականգնման դժվարին ճանապարհին, և կանխատեսած տնտեսական աճը հասել է 3.1 տոկոսի՝ համեմատած 2.5-ին, որ դեռ ապրիլին էին կանխատեսում, հայտնում է իսպանական The Local–ը:
Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցում արվել են նաև մի շարք առաջարկներ՝ կապված Իսպանիայում փոքր ու միջին ձեռնարկություններին օգնելու և նրանց զարգացման ճանապարհին խոչընդոտները վերացնելու հետ, ինչպես նաև նախաձեռնություն է եղել իսպանական բանկային համակարգի և դրա ամրապնդմանը հնարավորինս նպաստելու գործում: