ՄԱԿ-ի դիտորդները կհետևեն ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի զորավարժությանը

19:36     10 հունիսի, 2015

Այսօր Պաշտպանության նախարարությունում շարունակվել են սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի տարածքում պլանավորված ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անքակտելի եղբայրություն-2015» զորավարժության նախապատրաստման և անցկացման երկրորդ շտաբային բանակցությունները:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ ՊՆ-ում ստացվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Էրվե Լադսուսի պաշտոնական գրությունը, ըստ որի, հաստատվել է նշված դեպարտամենտի ներկայացուցիչների մասնակցությունը նախատեսված զորավարժություններին՝ դիտորդի կարգավիճակով:

Շտաբային բանակցությունները կավարտվեն հունիսի 11-ին:


© armedia.am