ԼՂՀ ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունն այսօր ԱԺ-ին է ներկայացրել իր ծրագիրը։ Դրան հավանություն տալու հարցը կորոշվի հունիսի 11-ին։
Այսօր տեղի է ունեցել 6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի 1-ին նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը: Օրակարգում կառավարության գործունեության ծրագրին հավանության տալու հարցն էր։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից։
Խորհրդարանին ներկայացնելով կառավարության վստահության հարցը՝ վարչապետը նշել է, որ 2015-2017թթ. գործունեության ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության, Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի, կառավարության 2012-2017 թթ. գործունեության ծրագրի դրույթները, ինչպես նաև Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների ծրագրային դրույթների ընդհանրությունները: Արայիկ Հարությունյանն իր ելույթում ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական գերակայությունների ապահովման համար ստանձնած պարտավորություններն ու նախատեսված ծրագրերը։
Վարչապետն առանձնացրել է չորս գերակա ուղղություն. տնտեսական զարգացում և աճի կայուն տեմպերի ապահովում, հասարակության բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ և արժանապատիվ պայմանների ստեղծում, պետականաշինությունն ու պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացում, ԼՂՀ միջազգային ճանաչում և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում։
Հիմք ընդունելով կանոնակարգային ընթացակարգը՝ խորհրադարանի նախագահը հայտարարել է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում կառավարության գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած: 24 ժամ հետո` հունիսի 11-ին` ժամը 12:50-ին, կհրապարակվի Ազգային ժողովի որոշումը: