ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան դատապարտել է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի օդային հարվածը Սանայի հին թաղամասին, հաղորդում է РИА Новости-ն:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ՝ ավիացիան ռումբեր է նետել Եմենի մայրաքաղաքի վրա վաղ առավոտյան: Հարվածի հետևանքով ոչնչացվել է առնվազն երեք շենք քաղաքի պատմական հատվածում, մահացել է հինգ մարդ: Լուրերի համաձայն՝ շենքերից մեկում կարող էին թաքնված լինել ապստամբ հուսիթները:
«Այս ավերածությունները միայն սրում են մարդասիրական խնդիրը, և ես ևս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել իմ կոչը հակամարտության բոլոր կողմերին՝ հարգել և պաշտպանել Եմենում մշակութային ժառանգությունը»,- ասել է Բոկովան:
Տեղի բնակիչների խոսքերով՝ հարձակումը ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին ուղիղ հարվածն է քաղաքի հին թաղամասին, որտեղ գտնվում է 11-րդ դարից առաջ կառուցված վեց հազարից ավելի շենք: Սանայի հին թաղամասը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում 1986 թվականին: