Հունիսի 16-17-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունենալու «Մյունխենյան անվտանգության համաժողովը», որի գլխավոր թեմաներն են լինելու ուկրաինական ճգնաժամը̦ Ռուսաստանի Դաշնության հետ հետագա հարաբերությունները, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության ներկայիս մարտահրավերները:
«Ուկրաինական ճգնաժամը շատ պարզ ձևով մեզ ցույց տվեց̦ որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը չի գործում: Չափազանց երկար ժամանակ է, ինչ Արևմուտքը տածել է այն պատրանքները, թե իբր Եվրոպան իր բազմաթիվ համաձայնագրերի, պայմանագրերի ու կառույցների միջոցով «ճգնաժամակայուն» է դարձել: Այս համաժողովի ընթացքում մենք պետք է փորձենք ամրացնել մեր անվտանգության հիմքերը̦ և եվրո-ատլանտյան տարածաշրջանում վստահություն կառուցենք: Ես անհամբեր սպասում եմ մեր բարձրաստիճան մասնակիցների միջև տեղի ունենալիք ինտենսիվ քննարկումներին», - հայտարարել է Մյունխենյան անվտանգության համաժողովն այս տարի գլխավորող դեսպան Վոլֆգանգ Իշինգերը:
Մասնակիցների թվում են Յոհաննես Հանը` եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատարը, Իվիցա Դաչիչը` ԵԱՀԿ գործող նախագահը, Լամբերտո Զաննիյերը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, Ավստրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սեբաստիան Կուրզն ու Ժերալդ Կլուգը̦ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և ԵՄ գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան, Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը, ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը, Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և շատ ուրիշներ:
Առաջին անգամ նման համաժողով տեղի է ունեցել գերմանական Բավարիա մարզի Մյունխեն քաղաքում` դեռևս 2009 թվականին, որից հետո դրանք շարունակվել են Պեկինում, Դոհայում, Մոսկվայում, Նոր Դելիում և Վաշինգտոնում: Իսկ հաջորդ տարի նման հանդիպում տեղի է ունենալու ապրիլի 14-15-ը Ադիս Աբեբայում: