ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել՝ ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, ՀՀ ազգային հերոս Քըրք Քրքորյանի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավ ապրեցի` լսելով հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի մահվան լուրը: Համոզված եմ` այս ցավը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կիսում են բոլորը:
Որպես ձեռներեց և գործարար՝ նա արդեն իր կյանքի օրոք դարձել էր լեգենդ և վայելում էր միջազգային հեղինակություն, դարձել էր վերապրող հայի, աշխատասեր, իմաստուն, բարի ու համեստ մարդու օրինակ:
Նրա ստեղծած «Լինսի» հիմնադրամը Հայաստանի ժողովրդին սատարեց ծանր պահի՝ օգնելով հաղթահարել դժվարությունները և դուրս գալ զարգացման ուղի: Հիմնադրամի իրականացրած ծրագրերը նոր հզոր շունչ հաղորդեցին Հայաստանի տնտեսությանը՝ լրջորեն փոխելով մեր երկրի նկարագիրը:
Համոզված եմ, որ մեծ հայորդու, Հայաստանի ազգային հերոսի լուսավոր հիշատակը միշտ վառ է մնալու, և մեր ժողովուրդը հիշելու է նրան հպարտության ու երախտագիտության զգացումներով:
Ցավակցում եմ բոլորիս այս մեծ կորստյան կապակցությամբ»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: