Օրերս Վրաստանը և Ֆրանսիան ստորագրեցին արդեն շուրջ մեկուկես տարի քննարկումների առարկա դարձած առաջատար հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի գնման վերաբերյալ պայմանագիր: Դեռևս բավարար տեղեկություն տվյալ պայմանագրի վերաբերյալ չկա, այնուամենայնիվ, ըստ շրջանառվող տեղեկությունների, պայմանագիրը կնքվել է Վրաստանի պաշտպանության նախարարի և ֆրանսիական Thales ու ամերիկյան Raytheon ընկերությունների համատեղ ThalesRaytheonSystems (TRS) ձեռնարկության տնօրենի միջև:
Թե ինչ տիպի համակարգերի և ինչ արժողությամբ գործարքի մասին է խոսքը, դեռևս հայտնի չէ, Վրաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ գործընթացը դեռ ավարտված չէ, և առաջիկայում կստորագրվի ևս մեկ պայմանագիր:
Վրաստանի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների գնման հնարավոր պայմանագրի շուրջ խոսակցությունները վերջին շրջանում բավական ակտիվացել էին: Դեռևս 2008թ.-ի օգոստոսյան պատերազմի արդյունքում Վրաստանի հակաօդային պաշտպանությունը բավական խոշոր վնասներ էր կրել, և մինչ օրս չի հաջողվել այն ամբողջովին վերականգնել: Բացի այդ՝ եվրոպական գործընկերները ևս խուսափում էին նմանատիպ գործարքների մեջ մտնել Վրաստանի հետ՝ գիտակցելով Ռուսաստանի հնարավոր կոշտ արձագանքը: Սակայն, ինչպես տեսնում ենք, վերջին շրջանում Վրաստանի ղեկավարության ձեռնարկած քայլերը տվեցին իրենց արդյունքները, և ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու գործարքը կայացավ:
Եվրոպական գործընկերների դիրքորոշման փոփոխությունը թերևս կարելի է բացատրել մի քանի հանգամանքով. նախ Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններն արդեն իսկ գտնվում են բավական լարված վիճակում. և հարաբերությունների առավել սրման հավանականությունն ավելի ցածր է, բացի այդ՝ ՆԱՏՕ-ն արդեն իսկ բավական քայլեր է իրականացրել ինչպես իր արևելյան անդամ-երկրներին, այնպես էլ անդամության ձգտող որոշ երկրների պաշտպանունակության բարձրացման հարցում (ռազմական օգնություն, զորքերի տեղակայում կամ քանակի մեծացում): Նման իրավիճակում «ռուսական ագրեսիայի սպառնալիքի» մասին ամեն անգամ բարձրաձայնող և Ուելսի գագաթաժողովին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հատուկ փաթեթ ստացած Վրաստանի ուղղությամբ որևէ քայլ չձեռնարկելն առնվազն անտրամաբանական կլիներ, առավել ևս, երբ տվյալ փաթեթով ՆԱՏՕ-ն պարտավորվել է աջակցել Վրաստանի պաշտպանական կարողությունների զարգացմանը:
Ինչ վերաբերում է տվյալ պայմանագրի՝ Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա հնարավոր ազդեցությանը, ապա պետք է նշել, որ վերջին շրջանում ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու հնարավոր պայմանագրի հարցը եղել է Վրաստանի 3 պաշտպանության նախարարների հիմնական առաջնահերթություններից: Այս թեմայով տարատեսակ խոսակցություններն առավել թեժացան, երբ նախորդ տարվա նոյեմբերին Վրաստանի արդեն նախկին պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարեց, թե կառավարությունը ցանկանում է տապալել հակաօդային պաշտպանության համակարգերի գնման գործարքը, և դա իր հրաժարականի պատճառներից մեկն է:
Նման գործարքի գնալով՝ փաստորեն, Վրաստանի կառավարությունը ցանկանում է ևս մեկ անգամ ընդգծել եվրոատլանտյան վեկտորին իր նվիրվածությունը և «ռուսական սպառնալիքի» դեմ պայքարելու պատրաստակամությունը: Նշենք, որ խիստ արևմտամետ ուժի կերպարի ձևավորումն այժմ՝ 2016 թ.-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, բավական կարևոր է «Վրացական երազանքի» համար:
Հատկանշական է, որ նման պայմանագրի ստորագրումը բավական դրական կարող է ազդել Վրաստանի նորանշանակ և առաջին կին պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի հեղինակության վրա, քանի որ նրա նշանակումը, տարբեր գործոններով պայմանավորված, ոչ միանշանակ ընդունվեց Վրաստանում:
Ամփոփելով կարող ենք նշել, որ անկախ Վրաստանին վաճառվող ՀՕՊ համակարգերի տիպից և արդյունավետության գործակցից՝ նման համակարգերի վաճառքն արդեն ինքնին բավական կարևոր նշանակություն ունի և, բնականաբար, չի կարող մնալ անարձագանք: