ՀՀ-ում 2014թ. ընթացքում ավելացել են վճարային քարտերով իրականացրած գործարքները: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ-ն:
Հաղորդագրությունում նշվում է, որ անկանխիկ էլեկտրոնային վճարումների գործարքների թիվը կազմել է 352.6 մլրդ, իսկ դրա դրամային համարժեքը` 1 տրլն դրամ: Ցուցանիշն աճել է 32%-ով:
Ինչի՞ մասին է խոսում ցուցանիշի աճը: Հնարավոր պատասխաններից կարող է լինել հասարակության ավելի սերտացումն էլեկտրոնային կառավարմանն ի դեմս էլեկտրոնային վճարումների, պետական ֆիքսված վճարումներն էլեկտրոնային ճանապարհով իրականացնելու հնարավորությունների աճը, ինչպես նաև շրջանառվող կանխիկի նվազումը:
Երեք պատասխաններն էլ իրականում կարող են հանդես գալ որպես հիմնավորված պատճառներ: Գաղտնիք չէ, որ այսօր շատացել են պետական վճարումները, այդ թվում` կոմունալներն ու վարկային պարտավորություններն առցանց կատարելու համար նախատեսված ծրագրերը: Մյուս կողմից, մեր երկրում ավելի ու ավելի ընդունելի է դառնում անկանխիկ աշխատավարձերի մշակույթը, ինչը ևս նպաստող հանգամանք է էլեկտրոնային գործարքների, այդ թվում` վճարումների քանակի ավելացման համար: Մարդն, ով ունի հնարավորություն իր գումարը պահել քարտով, ինչն ավելի ապահով է, քան դրամապանակը, վարվում է հենց այդպես:
Սակայն հարցն ունի նաև ոչ այնքան տեսանելի կողմ: Վերջին տարվա ընթացքում բավական քչացել է ՀՀ-ում կանխիկի շրջանառությունը: Սա մի կողմից պայմանորված է բանկերի կողմից վարկերի տրամադրման կտրուկ նվազմամբ, մյուս կողմից՝ ՀՀ ուղղված տրանսֆերտների քանակի անկմամբ, և վերջապես տնտեսական վիճակի անկայունությամբ` տնտեսական աճի նվազմամբ: Այսինքն, սրանք գործոններ են, որոնք ուղղակի կապված են բնակչության կենսամակարդակի հետ: Բոլորիս է հայտնի նաև մեր բնակչության կողմից հատկապես վերջին շրջանում վարկային գծերի` չմարվող վարկերի տարածվածությունը:
Միաժամանակ, այդ քարտային վարկերը քարտային վճարումների հնարավորություն են տալիս: Ոչ պաշտոնական տվյալներով, սա ևս կարող է քարտային վճարումների ավելացման գործընթացում լուրջ բազմապատկիչ հանդիսանալ: Այսինքն, մեր համաքաղաքացիները, չունենալով բավականաչափ ակնխիկ միջոցներ, ոչ կենսական նշանակություն ունեցող ծախսերը կատարում են քարտերի միջոցով, ըստ էության պարտքով՝ օգտնվելով քարտային վարկերի ընձեռած հնարավորություններից:
Իհարկե, ոլորտում կատարված փոփոխություններն առավել հանգամանալից գնահատելու համար մեզ պետք են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են այն կազմակերպությունների թվային աճը, որոնք առաջարկում են առցանց վճարումների համակարգ, ինչպես նաև` քարտերի շրջանառության ավելացման մասին տեղեկատվություն:
Վերջինի մասով պետք է նշել, որ ԿԲ վերոնշյալ հաղորդագրությունում նշվում է նաև, որ նախորդ տարվա համեմատ շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակն ավելացել է 4.7%-ով և կազմել է 1.6 մլն: