Ուկրաինայում վերջին մի քանի մոբիլիզացիաների արդյունքում բանակի զինծառայողների քանակը գերազանցել է օրենքով սահմանված 250 հազարը: Այս մասին Գերագույն ռադայում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Յուրի Գուսևը: Նրա խոսքով՝ մեկ տարվա ընթացքում զինված ուժերի քանակը գրեթե կրկնապատկվել է, և բանակը չի կարողանում զինվորներին ապահովել անհրաժեշտ պարագաներով և մթերքով:
«Բավարա՞ր են արդյոք Ուկրաինայի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման համար պետական բյուջեյով նախատեսված միջոցները: Բավարար չեն: Պետական բյուջեն նախատեսված է եղել 140 հազար զինծառայողի հաշվով, սակայն այժմ ունենք 250 հազար զինծառայող: Իսկ հաշվի առնելով հնարավոր մոբիլիզացիոն ալիքը, ապա զինծառայողների թիվը կգերազանցի 250 հազարը: Թիկունքի ապահովման համար, ըստ գլխավոր շտաբի, անհրաժեշտ է շուրջ 12 մլրդ 130 մլն գրիվնի, իսկ 2015թ-ին հատկացվել է միայն 6 մլրդ 576մլն գրիվնի, այսինքն՝ ընդհանուր կարիքի մոտ 54%-ը»,- հայտարարել է պաշտպանության նախարարը:
Նշենք, որ ուկրաինական հակամարտության բռնկումից ի վեր հատկացումները բանակին կտրուկ աճել են: Ավելին, տարբեր հասարակական միավորումների կողմից պարբերաբար կազմակերպվել են դրամահավաքներ՝ բանակին և կամավորական ջոկատներին օժանդակելու նպատակով: Բացի այդ, ԱՄՆ-ն և եվրոպական մի շարք երկրներ ուկրաինական զինված ուժերին այս ընթացքում տրամադրել են ինչպես տարաբնույթ սպառազինություններ, այնպես էլ պարենային օգնություն:
Իրականացվող հսկայական ծախսերը մյուս կողմից առաջացնում են տարաբնույթ հարցեր՝ կապված դրանց արդյունավետության հետ, քանի որ կոռուպցիայի մակարդակն ինչպես Ուկրաինայի պետական համակարգում, այնպես էլ բանակում բավական բարձր է:
Կարելի է ակնկալել, որ մոտ ապագայում բանակի ֆինանսավորման խնդրի շուրջ իրավիճակն առավել կբարդանա, քանի որ պաշտպանության նախարարությունը, բացի բանակի նյութատեխնիկական ապահովման համար նախատեսված ծախսերից, մտադիր է խորհրդարանից հավելյալ միջոցներ խնդրել բանակի բարեփոխումների՝ ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանեցնելու համար: Այդ նպատակով արդեն իսկ ստեղծվել է բարեփոխումների գրասենյակ, որը պետք է զբաղվի համապատասխանեցման խնդրով, ինչն իրենից ներկայացնում է բավական ծախսատար և ժամանակատար գործընթաց, որը ենթադրում է փոփոխություններ սկսած մարտավարատակտիկական մոտեցումներից մինչև ռազմական հանդերձավորում: