Հունիսի 22-ին Բրյուսելում «հունական հարցի» շուրջ արտահերթ գագաթաժողով է տեղի ունենալու Եվրագոտու երկրների ղեկավարների միջև, բայց, չնայած այդ հանգամանքին, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հանգստյան օրերին արդեն հասցրել է հեռախոսազրույցներ ունենալ եվրոպական առաջնորդների հետ և ներկայացնել իր նոր առաջարկները առկա խնդրի շուրջ:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ստացել են Ցիպրասի «փոխշահավետ առաջարկությունը, որը չի նախատեսում նոր վարկեր Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից, և որը պատրաստվում է վերջնական լուծում տալ հունական հարցին և այլևս չհետաձգել խնդիրը»:
Բանն այն է, որ Գերմանիան բավական կոշտ ձևով նախազգուշացրել է հունական կառավարությանը, որ այն այլևս չի կարող անցնել իր պարտքերի մարման վերջնաժամկետից և մինչ հունիս ամսվա վերջը պետք է լուծի իր հարցերն Արժույթի միջազգային հիմնադրամի և մյուս պարտատերերի հետ, եթե իհարկե չի ուզում լքել Եվրագոտին:
Իսկ Գերմանիայի ֆինանսների նախարարն իր հերթին ավելացրել է, որ Հունաստանն անպայմանորեն պետք է կատարի իր բոլոր բարեփոխումները, ինչպես դա ժամանակին նույն ԵՄ ծրագրերի շրջանակներում հաջողությամբ արել են Կիպրոսը, Իսպանիան, Պորտուգալիան և Իռլանդիան:
«Մեր կայունացման քաղաքականությունը վերջին տարիներին մի շարք եվրոպական երկրներում հաջողությամբ է պսակվել, որտեղ ոչ միայն համաձայնվել են, այլ իրոք ի կատար են ածել մեր պահանջներըն, ինչը պետք է անի նաև Աթենքը, եթե ուզում է փրկել երկիրն անվերադարձ սնանկացումից», - նշել է ֆիննախարարը:
Ամեն դեպքում, ինչպես արդեն նշել ենք նախկինում, հունական իշխանություններն ամուր աջակցություն են ստանում իրենց ժողովրդի կողմից, և հույներն այսօրվա դրությամբ կանգնած են Ցիպրասի մեջքին և անգամ ցույցեր են կազմակերպում Աթենքում և մյուս հունական խոշոր քաղաքների փողոցներում: Բայց ուշագրավն այն է, որ այս թեժ դեբատների օրերին նմանատիպ ցույցեր հօգուտ Հունաստանի տեղի են ունենում նաև Փարիզում, Բեռլինում, Ամստերդամում և ընդհուպ նաև ԵՄ մայրաքաղաք համարվող Բրյուսելում, որտեղ էլ այսօր տեղի կունենա երկար սպասված արտահերթ գագաթաժողովը` կոչված վերջնական լուծում տալ հունական հարցին: