Այսօր լուսադեմին ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտայում երեկ գիշերը սկսած նստացույցն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ոստիկանության ուժային գործողությունը սկսվել է առավոտյան 05.30-ին՝ ոստիկանության կողմից ակցիայի անօրինական լինելու մասին զգուշացումից հետո: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանության ուժերը կիրառել են ջրցան մեքենաներ: Ոստիկանության կողմից ուժի կիրառման արդյունքում ակցիայի մի շարք մասնակիցներ վնասվածքեր են ստացել, շատերը բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Լրագրողներից վերցվել են տեսախցիկները:
Հիշեցնենք, երեկ 19.00-ին լրացավ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության կողմից իշխանություններին ներկայացված վերջնագրի ժամկետը: Ցուցարարներն Ազատության հրապարակից շարժվեցին Բաղրամյան 26՝ նախագահի նստավայր: Սակայն ոստիկանությունը նրանց թույլ չտվեց հասնել այնտեղ, և ցուցարարները նստացույց սկսեցին պողոտայի երթևեկելի հատվածում: