Ադրբեջանի և Շվեյցարիայի կառավարությունների միջև հաստատված համաձայնության արդյունքում` մարդու իրավունքների պաշտպան Էմին Հուսեյնովն, ով տասը ամիս շարունակ Բաքվի շվեյցարական դեսպանատան տարածքում էր թաքնվում, ի վերջո մեկնել է Շվեյցարիա` հրաժարվելով ադրբեջանական քաղաքացիությունից:
Բանն այն է, որ երիտասարդ Էմին Հուսեյնովն, ով «Լրագրողների ազատության ևանվտանգության» ոչ կառավարական կազմակերպության ղեկավարն է, արդեն տևական ժամանակ էր, ինչ անխնա հետապնդվում էր ադրբեջանական իշխանությունների կողմից` վերջիններիս անընդհատ սուր քննադատության ենթարկելու և հրապարակայնորեն դատապարտելու պատճառով:
Եվ չնայած այժմ Հուսեյնովն ազատ ու ապահով է, միևնույն է Ադրբեջանի իշխանությունները ճնշում են գործադրում նրա ընտանիքի անդամների ու հարազատների վրա` պարբերաբար հարցաքննելով Էմինի մորն ու եղբորը ևսպառնալիքներ տեղալով վերջիններիս գլխին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մասնավորապես Day.az, Haqqin.az-ի ևայլնի` «ազգի դավաճան» Էմին Հուսեյնովն իրեն սատարող շվեյցարական կառավարության երաշխավորմամբ հրաժարվել էր Արևմուտքում հակաադրբեջանական որևէ պրոպագանդա կազմակերպելուց: Մեկնման առաջին մի քանի օրը նա այդպես էլ անում էր` «տղամարդու խոսքը» պահելով և եվրոպական լրագրողների սադրիչ հարցերին չպատասխանելով:
Սակայն, հաշված օրեր անց, ինչպես նշում են խուճապի մատնված ադրբեջանական ԶԼՄ-ները, ի հեճուկս իր բոլոր խոստումներին ու պարտավորություններին, Հուսեյնովը հանկարծ հայտնվում է ամերիկյան աշխարհահռչակ CNN հեռուստաընկերության եթերում և «ամեն կերպ զրպարտում ադրբեջանական կառավարությանը և իր սարսափելի ու անկիրթ անգլերեն լեզվով ստեր փչում նրանց հասցեին»:
Հիշեցնենք, որ բացի Էմինից, այս ողջ ընթացքում հետապնդվել ու ազատազրկվել են մի շարք այլ հասարակական ու քաղաքական գործիչներ, ինչպես նաև լրագրողներ ու իրավաբաններ, ի դեմս Ռասուլ Ջաֆարովի (6,5 տարվա ազատազրկում), Ինթիգամ Ալիևի (7,5 տարվա ազատազրկում), Լեյլա Յունուսն ու նրա ամուսին Արիֆ Յունուսը, Անար Մամադլին ու Բաշիր Սուլեյմանլին, ինչպես նաև շատ այլ ադրբեջանցիներ: