Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել իշխանություններին անհապաղ սկսել անկողմնակալ և ամբողջական հետաքննություն` պարզելու` արդյոք ուժի կիրառումը եղել է իրավաչափ և համաչափ: Հակառակ դեպքում, կազմակերպությունը հորդորել է, պատասխանատվության ենթարկել անհամաչափ ուժի կիրառման համար պատասխանատու անձանց:
«Հայաստանում ոստիկանությունն ուժ է կիրառել հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման դեմ խաղաղ ցույցը ցրելու համար՝ մտահոգություն հարուցելով մարդու իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ»,- ասվում է կազմակերպության տարածած հայտարարությունում:
«Եթե անգամ Երևանի ցույցն արտոնված չէր, ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ ցուցարարների և ցույցերը լուսաբանող լրագրողների դեմ ֆիզիկական հարձակումները»,- ասել է Human Right Watch-ի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գիորգի Գոգիան՝ հավելելով, որ «ցուցարարներին ծեծի ենթարկելու և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար ոստիկանությունը պետք է պատասխանատվության ենթարկվի»: