Աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին ներկայացնում ենք «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցը նրա հետ, որպես Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Հարցազրույցն իրականացվել է «Մեր հարևան Եվրոպա. Շվեյցարիա» ծրագրի (09.10.2010) շրջանակներում։
Խորին ցավակցություն ենք հայտնում Շառլ Ազնավուրի հարազատներին։
-Պարո'ն դեսպան, մենք գիտենք, որ աշխարհահռչակ շանսոնյեի համար բաց են աշխարհում բոլոր դռները: Դուք Հայաստանի դեսպանն եք Շվեյցարիայում, արդյո՞ք Հայաստանի նկատմամբ էլ այդ ընկալումը կա այս երկրում:
-Շվեյցարիան մոտ է հայ ժողովրդին, ինչպես Ֆրանսիայում ֆրանսիացիները մոտ են կանգնած հայ ժողովրդին: Եվ երբ երկրները մոտ են կանգնած ժողովրդին, մեքենաբար նրանք զգում են նաև կապվածություն երկրի նկատմամբ: Ամեն անգամ, երբ քաղաքական գործիչներ են եկել Ֆրանսիա կամ Շվեյցարիա նրանց վարքագիծն ու պահվածքը եղել է միշտ հիասքանչ: Նրանք ջերմ են, բաց են, հումորի զգացում ունեն, իսկ սա շատ մեծ նշանակություն ունի վարքագծի տեսակետից: Սա ճշմարիտ է հայկական երեք նախագահների դեպքում էլ: Եվ այս դեպքում նույնը պետք է ասեմ նաև ՀՀ ԱԺ նախագահի կապակցությամբ: Բոլոր դեպքերում հայերն այն ժողովուրդն են, ում Ֆրանսիայում անվանում են "օրինակելի սփյուռք": Այստեղ ավելի մոտ են հայերին, քան թուրքերին:
-Իսկ բարեկամական ջերմ հարաբերությունները ժողովուրդների միջև ինչպե՞ս են արտահայտվում իրական քաղաքականության մեջ:
-Հիանալիորեն, առանց որևէ խնդրի: Չպետք է մոռանանք, որ "հայ", "հայազգի մարդ" բառերն ինձ հետ են ասոցացվում և այստեղ պոպուլյար են դարձել տարիներ առաջ` մոտ 60 տարուց ավելի:
-Դա մոռանալ հնարավոր չէ:
-Ճիշտ եք ասում, զարմանալի բան կա սրա մեջ, և` հաճելի: Ասում են` "այդ Դուք էլ եք հա՞յ, Ազնավուրի պես": Սա մեքենաբար է եկել մարդկանց ուղեղ:
-Որպես դեսպան` ինչպե՞ս եք գնահատում հայ-շվեյցարական քաղաքական համագործակցությունը:
-Այս պահի համար հիանալի է ընթանում գործը, և ես տպավորություն ունեմ, որ դեռ ավելի պետք է լավանա: Շվեյցարիան այն երկրների թվին է պատկանում, որոնք բավակնին շուտ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը: Այլ երկրներում այս գործընթացն առավել երկար ճանապարհ անցավ: Այստեղ 2003-ին դա տեղի ունեցավ: Պետք է ասել, որ պարոն Ժակ Շիրակի ավանդը ևս մեծ է այդ հարցում, նա մեծ հեղինակություն է վայելում նաև իր երկրի սահմաններից դուրս, ուստի այդ հարցում հետևեցին նրա օրինակին:
-Շնորհակալությո'ւն: