Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սպառնացել է հեռացնել պաշտոնից Պետական ավիացիոն ծառայության ղեկավար Դենիս Անտոնյուկին Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հետ ունեցած սկանդալից հետո:
«Պետական ավիացիոն ծառայության գործունեության շուրջ կկատարվի ուսումնասիրություն, որից հետո ծառայության ղեկավար Դենիս Անտոնյուկը կհեռացվի պաշտոնից»,- գրել է Ուկրաինայի նախագահն իր ֆեյբուքյան էջում:
Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության ղեկավարի և Սահակաշվիլիի միջև վիճաբանությունը տեղի է ունեցել Պետավիացիայի հանձնաժողովի նիստի ժամանակ, որն ուսումնասիրում է ուկրաինական խոշորագույն ավիաընկերությունների չվերթների թույլտվության հայտերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Սահակաշվիլին հայտարարել է, որ կազմակերպության ղեկավարը պաշտպանում է օլիգարխների շահերը ՝ մեղադրելով նրան կոռուպցիայի մեջ:
«Դուք աշխատավարձ ստանում եք կոնկրետ մարդկանցից: Որքա՞ն է Ձեր աշխատավարձը»,- հետաքրքրվել է նահանգապետը:
Դենիս Անտոնյուկը հայտնել է, որ ստանում է 5.5 հազար գրիվեն և կոչ է արել նահանգապետին վերջ դնել դատարկաբանությանը: Բացի այդ նա Սահակաշվիլիին հրավիրել է իր տուն՝ տեսնելու, թե ինչպես է ապրում, սակայն վերջինս մերժել է առաջարկը: