Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը մտահոգություն է հայտնել Երևանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, հայտնում է Անթիլիասի մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ Արամ Ա-ն մասնավորապես նշում է.
«Այս իրավիճակում լուռ մնալը ճիշտ չենք համարում: Մտահոգ ենք: Մտահոգ ենք, որովհետև մեր հայրենիքի հզորացումը, մեր միասնականության ամրապնդումը, մեր ազգային պահանջատիրությանը նոր խայծ, նոր թափ տալու համազգային պահանջը մեր ժողովրդի համար պետք է դառնա համազգային մտահոգություն: Հայաստանը միայն հող չէ, Հայաստանը նաև ու մանավանդ ժողովուրդ է իր պետականությամբ: Մեր սպասումն է, որ մեր ժողովրդի ղեկավարները Հայաստանում լսեն մեր ժողովրդին, կհետևեն մեր ժողովրդի սպասումներին, կարիքներին, պահանջներին: Միաժամանակ մեր սպասումն է, որ մեր ժողովուրդն էլ կլսի իր կողմից ընտրված պետականության պատասխանատուների մտահոգությունները, մոտեցումները:
Հայրենիքի հզորացումը մեր ժողովրդի համար պետք է ամեն բանից վեր դիտարկվի: Ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որպեսզի մեր հայրենիքի պետական հիմքերն ավելի հզորանան, մեր ժողովրդի կյանքն ավելի բարելավվի: Մենք բոլորս Սփյուռքում ևս պետք է այդ գիտակցությամբ առաջնորդվենք»։