Հունաստանում այս օրերին իսկական քաոս է տիրում: Ինչպես հայտնի է, հունական խորհրդարանը վերջնականապես հաստատեց երկրում հուլիսի 5-ին հանրաքվե անցկացնելու որոշումը, որով պետք է վճռեն` արդյո՞ք երկիրն ընդունում է իր վարկատուների պահանջներն՝ անցնելով տնտեսական նոր պլանի, թե՞` ոչ: Այդպես էլ որևէ համաձայնության չգալով վերջիններիս հետ, Հունաստանը փաստորեն այդ մեծ պատասխանատվությունը ժողովրդի վրա է թողնում:
Եթե հույները համաձայնեն պահանջների հետ, ստիպված կլինեն որոշ ժամանակ շատ ծանր պայմաններում ապրել, որպեսզի երկիրը հանեն ճահճից, իսկ եթե չհամաձայնեն, ապա երկիրը ենթադրաբար պետք է լքի եվրագոտին և հրաժարվի եվրոպական կառույցների օգնությունից:
Երկու տարբերակի դեպքում էլ, այնուամենայնիվ, պարտքերը ոչ կսառեցվեն, ոչ էլ չեղյալ կհայտարարվեն:
Հիշեցնենք, որ միայն եվրագոտու երկրներին Հունաստանը պարտք է շուրջ 200 միլիարդ եվրո, 32 միլիարդ եվրո ԱՄՀ-ին է պարտք, և մոտ 20 միլիարդ էլ Եվրոպական կենտրոնական բանկին:
Պարտքերը մարելու և ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու հարցում օրերս Հունաստանին իր աջակցությունն է առաջարկել հարևան Թուրքիան, ինչի մասին հայտնել է Թուրքիայի վարչապես Ահմեդ Դավութօղլուն: Նա նշել է, որ Անկարան այս հարցի շուրջ Աթենքի հետ քննարկումներ կսկսի Թուրքիայի նոր կառավարության ձևավորումից անմիջապես հետո՝ ավելացնելով, որ Թուրքիան կարող է օգնել Հունաստանին հաղթահարելու ֆինանսական ճգնաժամը՝ նրա հետ էներգետիկայի, զբոսաշրջության և առևտրային ոլորտներում համագործակցության միջոցով:
Օգնության ձեռք են մեկնել Հունաստանին նաև ինտերնետային մի շարք կայքեր, որոնք սրտացավ օգտատերերից գումար են հավաքում երկրին ծանր դրությունից հանելու ու խրախուսելու նպատակով:
Ամեն դեպքում Հունաստանի քաղաքացիների մոտ արդեն իսկ խուճապ է սկսվել, հաշվի առնելով, որ այս երկու օրը նրանք բանկոմատների մոտից չեն հեռանում՝ կանխիկացնելով իրենց գումարները: Կառավարությունը նույնիսկ ստիպված է եղել սահմանափակում մտցնել՝ արգելելով օրական 60 եվրոյից ավել գումար հանել բանկոմատից: Սնանկացումից խուսափելու նպատակով մեկ շաբաթով փակվել են երկրի բանկերն ու բորսաները, երկրի ֆինանսական համակարգն իսկական աղետի եզրին է կանգնած:
Իսկ հունիսի 30-ին լրանում էր ԱՄՀ-ին հերթական 1.6 միլիարդ եվրոյի պարտքը մարելու վերջնաժամկետը:
Այս ամենի ֆոնին, անելանելի վիճակից դուրս գալու համար, իսկ գուցե անճարությունից դրդված, Հունաստանի իշխանությունները սպառնացել են ԵՄ դեմ հայց ներկայացնել Եվրոպական դատարան՝ արգելափակելու Հունաստանի դուրս գալը եվրոգոտուց և թույլ չտալու ԵԿԲ-ին ոչնչացնել երկրի բանկային համակարգը:
«Հունական կառավարությունը կօգտագործի իր բոլոր իրավունքները: Մենք խորհրդակցում ենք Եվրոպական դատարան հայց ներկայացնելու շուրջ, քանի որ ԵՄ պայմանագրերը չեն նախատեսում եվրոյի գոտուց դուրս գալ»,- հայտարարել է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը:
Ամեն դեպքում երեկ ողջ օրվա ընթացքում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցի հետ: Չնայած այս զրույցների արդյունքներն առայժմ չեն հրապարակվում, Ցիպրասը ենթադրաբար հերթական հնարավորությունն է ձեռք բերել, կամ ինչպես միջազգային ԶԼՄ-ներն են նշում ՝ «3-րդ շանսը ստացել» այս ծայրահեղ իրավիճակից դուրս գալու համար:
Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին չի հավատում, որ մոտ օրերին կհաջողվի առաջընթաց գրանցել Հունաստանի հետ բանակցություններում, սակայն կողմ է արտահայտվել բանակցային գործընթացը վերամեկնարկելուն՝ Հունաստանը եվրոյի գոտում պահպանելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելուց հետո:
Մերկելը քննադատությամբ է հանդես եկել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հասցեին, որը հրաժարվել է վարկատուների առաջարկից:
«Միասնական Եվրոպան կարող է գոյություն ունենալ միայն այն դեպքում, եթե ընդունակ լինի գնալ փոխզիջումների»,- ասել է Մերկելը: