Ուկրաինայի սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի նախատեսում Դոնբասին հատուկ կարգավիճակի տրամադրում։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌոսԲալտ-ը, հուլիսի 1-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն Սահմանադրական փոփոխությունների փաթեթի ներկայացման ժամանակ։
«Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի նախատեսում ոչ մի հատուկ կարգավիճակ Դոնբասի համար։ Նմանատիպ բոլոր լուրերը կեղծ են։ Նախագիծը ենթադրում է տեղական ինքնակառավարման իրականացման հատուկ կարգ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին վարչատարածքային միավորումներում, ինչը սահմանվում է առանձին օրենքով»,- ասել է Պորոշենկոն։
Նա նաև նշել է, որ ապակենտրոնացումն անջատողականության վարակի դեմ միջոց է, և որ արտաքին քաղաքականությանը, պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, իրավունքի գերակայությանը և ազատությունների պաշտպանությանն առնչվող հարցերում կենտրոնական իշխանության թուլացում տեղի չի ունենա։