Վերջին շրջանում ռուս-ֆրանսիական հարաբերությունները բավական լարված են՝ հաշվի առնելով կողմերի պայմանավորվածության խախտումը «միստրալների»՝ ուղղաթիռատար ռազմանավերի հետ կապված: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ֆրանսիական նավաշինական ընկերությանը 2 նման ռազմանավեր էր պատվիրել՝ հսկայական կանխավճար թողնելով: Սակայն Ռուսաստանի դեմ ուղղված Եվրոպական միության պատժամիջոցների համատեքստում Ֆրանսիան հրաժարվեց այս 2 ռազմանավերը ՌԴ տեղափոխելուց, ինչի արդյունքում, ըստ ռուսական կողմի, «շատ տգեղ» մի վիճակ ստեղծվեց:
«Ֆրանսիան ինքն իրեն վատ դրության մեջ դրեց առաջին հերթին: Նրա հեղինակությունը որպես գործընկեր լուրջ հարվածի տակ դրվեց: Բացի այդ, բացի մեզնից, նա ոչ ոքի չի կարող վաճառել այդ ռազմանավերը, քանի որ դրանք հստակ մեր պատվերով են կառուցված և տիպիկ ռուսական համակարգին են ադապտացված», - հայտարարել է ՌԴ Ազգային ռազմավարության ինստիտուտի նախագահ Միխայիլ Ռեմիզովը: «Ֆրանսիայի նախագահ Օլանդը լուրջ վնաս հասցրեց իրենց տնտեսությանը և հայտնվեց փակուղում, ինչ է թե գոհացնի ԵՄ-ին և առավելապես ԱՄՆ-ին»,- ասել է նա:
Ռեմիզովի խոսքերով հնարավոր է նույնիսկ, որ ֆրանսիացիները ստիպված խորտակեն այդ նավերը, քանի որ դրանցից յուրաքանչյուրին «հոգ տանելը» ամսական 5 միլիոն եվրո է արժենում:
Ինչևէ, այժմ արդեն ռուսները համակերպվել են ակնկալվող երկու ուղղաթիռատարների «կորստի» հետ, և նրանց խնդիրն այժմ խախտված պայմանագրի դիմաց գումար ստանալն է, ինչպես նաև տրված կանխավճարը հետ վերադարձնելը: Սակայն, ինչպես երևում է, Փարիզը դեռևս Մոսկվային դրանցից և ոչ մեկը չի փոխանցել:
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական հարցերով խորհրդատու Վլադիմիր Կոժինը միստրալների հետ կապված հայտարարել է, որ ռուսական նավաշինությունն առանձնապես չի զիջում ֆրանսիականին, և այն կարող է ինքնաբավ կերպով ինքն իր համար ապահովել անհրաժեշտ տեխնիկան:
«Մենք մեր միստրալները կստեղծենք: Իսկ ֆրանսիացիներից նման բան իհարկե չէինք սպասում: Չէ՞ որ մեր երկրները հնուց շատ լավ հարաբերությունների մեջ են եղել», - ասել է Կոժինը:
Իսկ ինչ վերաբերում է տարատեսակ փոխհատուցումներին, ՌԴ Պետդումայի պաշտպանության մշտական հանձնաժողովի անդամ Ֆրանց Կլինցևիչը նշել է, որ միջկառավարական մակարդակով դեռևս ոչ մի հստակ որոշում չկա այդ առիթով:
«Բանակցություններն այժմ նոր, ավելի ակտիվ փուլ են մտել, և հույս ունենք շատ շուտով կոնկրետ թվերով խոսել: Պետք է դեռևս քննարկենք փոխհատուցումների հաշվարկման տեխնիկական պահերը», - նշել է Կլինցևիչը: