Վերջին շրջանում միջազգային և հատկապես թուրքական մամուլում կրկին ակտիվ շրջանառության մեջ է դրվել Թուրքիայի` Սիրիա հնարավոր ներխուժման թեզը: Մինչև Թուրքիայի Սիրիա ներխուժման հավանականության վերաբերյալ որևէ գնահատական տալն անհրաժեշտ է հասկանալ, թե ում դեմ են ուղղված լինելու Սիրիայում Թուրքիայի գործողությունները` Սիրիայի ներկայիս նախագահ Ասադին աջակցող զորքերի՞, Սիրիայում կռվող քրդական զորքերի՞, թե՞ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զորքերի դեմ: Սա բավական կարևոր է, քանի որ կախված գործողությունների թիրախից՝ Թուրքիայի մարտահրավերները տարբեր են լինելու:
Առաջին, եթե Թուրքիան ներխուժի Սիրիա` բացահայտ հայտարարելով, թե նա պայքարում է Սիրիայում կռվող քրդերի դեմ, ապա դա կարող է անհնազանդության նոր ալիք բարձրացնել Թուրքիայում գտնվող քրդերի շրջանակում, ինչպես դա եղավ վերջին շրջանում, երբ Թուրքիայի իշխանությունները փորձեցին խոչընդոտել Թուրքիայի քրդերին, ովքեր ցանկանում էին միանալ Սիրիայում ԻՊ դեմ կռվող իրենց հայրենակիցներին: Փաստորեն, եթե Թուրքիան պայքար սկսի Սիրիայում քրդերի դեմ, ապա այդ դեպքում Թուրքիայում բնակվող քրդերը կշտապեն պաշտպանել Սիրիայում իրենց հայրենակիցներին, այս անգամ ոչ թե ԻՊ-ի, այլ հենց Թուրքիայի իշխանությունների դեմ պայքարում: Այս համատեքստում, պետք է նաև հաշվի առնել այն, որ Թուրքիայում բնակվող քրդերի ազդեցության լծակները երկրի իշխանության վրա մեծացան այն բանից հետո, երբ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում քրդական «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությունը կարողացավ հաղթահարել 10 տոկոս շեմը և Թուրքիայի խորհրդարանում ներկայացվել որպես կուսակցություն:
Թուրքիայի կառավարությունն անկարողության կամ ցանկության բացակայության պատճառով, թուրք-սիրիական սահմանը ԻՊ զինյալների համար այսօր դարձել է դեպի Սիրիա հիմնական ճանապարհ: Եթե Թուրքիան բացահայտ պայքար հայտարարի ԻՊ զինյալների դեմ, ապա վերջիններիցս կարճ ժամանակ կպահանջվի Թուրքիայում նույնպես ահաբեկչական գործունեություն ծավալելու և երկրում քաոս ստեղծելու համար: Այս համատեքստում վերջին շրջանում մամուլում շրջանառվող այն տեղեկությունները` Թուրքիայի տարբեր քաղաքներում մեծ քանակությամբ ապօրինի պայթուցիկ նյութեր հայտնաբերելու մասին, պատահական չեն:
Երրորդ եթե Թուրքիայի կառավարությունը բացահայտ պայքար հայտարարի Ասադի զորքերի դեմ, ապա նա դեմ դուրս կգա տարածաշրջանային գլխավոր խաղացողներ Իրանի և Ռուսաստանի դեմ, որոնք շարունակում են պաշտպանել Սիրիայի ներկայիս վարչակարգին: Սա հիմա, երբ Էրդողանի վարչակարգը փորձում է քաղել հնարավոր դիվիդենտեր Արևմուտքի և Ռուսաստանի միջև առաջացած լարվածությունից, ինչպես նաև Իրան-Արևմուտք բանակցությունների հնարավոր ելքից, չի կարող բխել Թուրքիայի իշխանության շահերից:
Ուստի, եթե փորձենք ամփոփել ապա պետք է փաստենք, որ Սիրիա ներխուժելուց առաջ Թուրքիայի իշխանությունները նախ պետք է իրենց և միջազգային հանրության համար հստակեցնեն, թե ո՞վ է լինելու Սիրիայում իրենց երեք հավանական հակառակորդներից հիմնական, հայտարարված հակառակորդը, հետո միայն փորձեն հասկանալ, թե որոնք են լինելու իրենց համար այդ քայլից բխող մարտահրավերները և որքանով են նրանք պատրաստ դիմագրավել այդ մարտահրավերներին: