Այսօր երևանյան սրճարաններից մեկում «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի կազմակերպիչներն ամփոփեցին արդեն երկրորդ տարվա աշխատանքի արդյունքները̦ ներկայացրին փառատոնի ձեռքբերումներն ու հաջողությունները̦ խոսեցին բացթողումների մասին: Դեռևս 2014 թվականին փառատոնի մեկնարկից ի վեր կազմակերպիչները շեշտում են փառատոնի ոչ ֆորմալ ձևաչափը` ընդգծելով, որ կինոդիտումները կազմակերպվում են անվճար հիմունքներով և բացօթյա տարածքներում՝ Կարապի լճի մոտակայքում, եկեղեցիների բակերում և դահլիճներում: Կինոդիտումից հետո քննարկումներ են անցկացվում ֆիլմերի ստեղծողների, հոգևորականների, հոգեբանների մասնակցությամբ:
Այս տարի վրանային կինոճամբարն անցկացվեց Հառիճավանքի տարածքում̦ իսկ հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել հանրության մեջ սիրո, համերաշխության ու մարդասիրական արժեքների վերահաստատմանը և հոգևոր արժեքների տարածմանը:
Փառատոնի հոգևոր խորհրդատու Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր խոսքում ընդգծեց̦ որ փառատոնն իրական մշակությանին երկխոսության օրինակ է` այս տեսանկյունից կարևորելով նաև մուսուլմանական երկրներից ներկայացուցիչների մասնակցությունը: Նա շեշտեց̦ որ «Ֆրեսկոն» լրացնում է այն բացը̦ որի կարիքը մեր հասարակությունն իսկապես ունի: Փառատոնի կազմակերպիչները նաև նշեցին̦ որ այս տարի այն անցկացվել է Հայոց ցեղսապանության 100-րդ տարելիցի լույսի ներքո̦ և փառատոնի ուղերձները` հավատ̦ հույս̦ սեր̦ խաղաղություն̦ պատահաբար չեն ընտրվել:
Վերջում փառատոնի կազմակերպիչներն իրենց շնորհակալությունը հայտնեցին գործընկերներին` նրանց նվիրելով երեխաների ձեռքով պատրաստված և օրհնված մոմեր և աղոթքներ: