Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները 3 օրով երկարաձգվել են: The Guardian ամսագրի փոխանցմամբ պատճառը զինամթերքի էմբարգոն վերացնելու հարցի շուրջ տարաձայնություններն են̦ թեև արևմտյան դիվանագետները լիահույս են̦ որ մինչև այս շաբաթվա ավարտը կկարողանան համապարփակ համաձայնագիր ստորագրել: Նրանք նշում են̦ որ Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև տարաձայնությունների շրջանակը «շարունակում է նեղանալ ամեն անցնող ժամի հետ»̦ և ընդամենը մի քանի խնդիրներ կան̦ որոնք դեռևս չեն լուծվել: Ամենավիճելի հարցը թերևս Իրանի հրթիռային ծրագրի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների և̦ առհասարակ̦ զենքի էմբարգոյի շուրջ տարաձայնություններն են:
Իր հերթին̦ Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին հայտնել է̦ որ Իրանի և միջազգային միջնորդների միջև վերջնական համաձայնագրի տեքստը գրեթե ավարտված է: Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը̦ Արաքչին ընդգծել է̦ որ երբ համաձայնագիրը կնքվի̦ պատժամիջոցների հարցը պետք է ամբողջովին վերացվի: Անդրադառնալով վերջնաժամկետի երկարաձգմանը` Իրանի փոխարտգործնախարարն ասել է̦ որ որևէ վերջնաժամկետ սուրբ չէ: «Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները Վիեննայում որքան անհրաժեշտ լինի»,- ասել է նա:
«ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի հիմքը Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն է̦ իսկ Իրանը ցանկանում է̦ որ համաձայնագրի ստորագրմամբ պատժամիջոցներն ամբողջությամբ հանվեն: Անհնար է գործարք կնքել պատժամիջոցների համակարգ ունենալով̦ մոտեցումը պետք է ամբողջությամբ փոխվի»̦ - ասել է իրանցի դիվանագետը: Նա նաև հավելել է̦ որ Թեհրանի կարծիքով ամենակարևոր պատժամիջոցները̦ որ պետք է վերացվեն̦ տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներն են: Ինչ վերաբերում է զենքի էմբարգոյին̦ ապա Իրանի փոխարտգործնախարարի կարծիքով դա «օրհնություն» էր Իրանի համար̦ քանի որ դրա արդյունքում Իրանը կարողացավ պաշտպանական ոլորտներում ինքնաբավության հասնել:
Նշենք նաև̦ որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է̦ որ հպարտ է իրանցի միջուկային բանակցողներով̦ ովքեր Վիեննայում խիզախությամբ պայքարում են Իրանի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Նա հույս է հայտնել̦ որ իր երկիրը հաղթող դուրս կգա այս բանակցություններից: