Հունաստանը ներկայացրել է բարեփոխումների իր ծրագիրը: Այդ մասին այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:
Հունաստանում իրավիճակի և հանրաքվեի արդյունքների քննարկումից հետո, պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին, Ցիպրասը ժխտել է վարկատուների այն հայտարարությունը, թե Հունաստանը որևէ առաջարկ չի ներկայացրել:
«Հունաստանը ներկայացրել է առաջարկները, որոնք մշակվել են վարկատուների հետ քննարկումների հիման վրա: Անցյալ երկուշաբթի մենք ներկայացրել ենք այդ առաջարկները, բայց, ցավոք, պատկերը փորձում են այնպես ներկայացնել, որ մենք ոչինչ չենք արել: Այդ առաջարկներում մենք պարտավորություն են ստանձնել բյուջեի վերաբերյալ: Օրինակ, խոսել ենք հարկային բեռի մասին»,- ասել է Ցիպրասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ բարեփոխումները պարտադիր են, և Հունաստանը պարտավորվում է այս տարին փակել բյուջեի պրոֆիցիտով, ոչ թե դեֆիցիտով: