Վերջին շրջանում Արցախի Հանրապետությունն ակտիվ ջանքեր է գործադրում՝ խորացնելու և ամրապնդելու իր արտաքին կապերը: Այս ուղղությամբ գրանցված հաջողություններն արդյունք են ոչ միայն ԼՂՀ կառավարության գործադրած ջանքերի, այլ նաև դրսից եկող նախաձեռնության:
Նման նախաձեռնության օրինակ էր Chatham House-ի (Արտաքին հարաբերությունների բրիտանական արքայական ինստիտուտի) կողմից ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին ուղղված հրավերը, որը հնարավորություն ընձեռեց նախագահին նաև հանդես գալ ելույթով և ներկայացնել ԼՂՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացները (պետք է նկատել, որ Chatham House-ը, հանդիսանում է ամբողջ աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող վերլուծական կենտրոններից մեկը ):
Այցը կարևորվեց նրանով, որ Լոնդոնում մասնագիտական շրջանակները հնարավորություն ունեցան ստանալ «առաջին ձեռքից» տեղեկատվություն ԼՂՀ-ում պետականաշինության, երկրի ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Բացի այդ, ևս մեկ անգամ ընդգծվեց խորհրդարանական կապերի կարևորությունը:
Փաստը, որ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային այցերը վերջին շրջանում առավել հաճախակի են դարձել, խոսում է առնվազն երեք կարևոր հանգամանքների մասին.
-առաջինը, չնայած նրա, որ ներկայումս Ղարաբաղյան հիմնահարցով բանակցող պաշտոնական կողմերը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետություններն են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, միջազգային հանրությունը սկսել է գիտակցել, որ հակամարտությունը չի կարող լուծվել, եթե հակամարտության ուղղակի կողմ հանդիսացող Արցախի Հանրապետությունը չունենա իր մասնակցությունը բանակցային գործընթացին և Արցախի ժողովուրդը չասի իր խոսքը խնդրի վերջնական լուծման համար,
- երկրորդ, երկար տարիներ միջազգային հանրությունը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետություններին դիտարկել է որպես հիմնական աղբյուր ԼՂՀ-ի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ երրորդ աղբյուրից՝ լինի դա Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանի Հանրապետությունը, հնարավոր չէ ստանալ ամբողջական պատկերացում Արցախում ընթացող ներքին գործընթացների մասին: Այս տարիների ընթացքում ԼՂՀ իշխանություններին հաջողել է ձևավորել անկախ և ժողովրդավարական կառույցներ, որոնց մասին հնարավոր է պատկերացում կազմել տեղեկություն ստանալով միայն երկրի ներքին գործընթացներում ակտի ներգրավված անձանցից՝ այս դեպքում ԼՂՀ իշխանություններից,
- և վերջապես երրորդ, սա ԼՂՀ իշխանությունների ակտիվ ջանքերի արդյունք է, որոնք ուղղված են խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մակարդակով զարգացնելու երկրի արտաքին կապերը՝ չնայած ԼՂՀ ճանաչված չլինելու հանգամանքին: Արցախի Հանրապետության տարեցտարի աճող քույր քաղաքների, ինչպես նաև խորհրդարանական բարեկամության խմբերի թիվը խոսում է այդ ջանքերի հաջողված լինելու մասին, որոնք ապագայում դառնալու են ԼՂՀ միջազգային ճանաչման հիմնասյուները: