Հունական հարցը մինչ օրս շարունակում է օդից կախված մնալ: Այս անգամ էլ կիրակի օրն է նշանակված որպես վերջնաժամկետ՝ խնդիրը սպառիչ կերպով լուծելու համար: Այդ մասին երեքշաբթի օրվա հերթական գագաթաժողովին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով պայմանավորվել է ԵՄ մյուս առաջնորդների հետ, որ մինչ կիրակի օրվա՝ հունիսի 12-ի արտահերթ գագաթաժողովը, հինգշաբթի գիշերը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պետք է մանրամասն նախագիծ ներկայացնի Եվրախմբի անդամներին՝ երկրում կատարելիք նոր բարեփոխումների մասին:
Նախագիծը ներառում է ֆինանսական հարցերով փոխզիջումային տարբերակ երկու կողմերի համար, որից պետք է մաքսիմալ շահեն թե Հունաստանը, թե ԵՄ երկրները: Հունաստանի առաջարկը ներկայացվել է սահմանված ժամկետում:
Նախքան նախագծի ներկայացումը հանդիպելով Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ վարչապետ Ցիպրասը հայտնել է նրան, որ այնպիսի նախագիծ է ուզում ներկայացնել ԵՄ-ին, որի շնորհիվ հնարավոր կլինի GREXIT–ից խուսափել և միաժամանակ ճգնաժամին վերջ դնել:
«Ես շատ գոհ եմ այն բանից, որ եվրոպական առաջնորդներն առաջացած այս խնդիրը որպես «եվրոպական» են որակել և ոչ զուտ «հունական»», - շեշտել է Ցիպրասը:
Իսկ Պավլոպուլոսն իր հերթին նշել է, թե հարկ է պարզաբանել աշխարհին, որ հանրաքվեի ժամանակ ժողովրդի կայացրած «դատավճիռը» ոչ թե հեռացում էր Եվրոպայից և շեղում եվրոպական ուղուց, այլ պարզապես բանակցություններն ի վերջո ամփոփելու ու կոնկրետ քայլեր ձեռնարկելու կոչ: Ըստ նախագահի՝ հույներն ընդամենը ուզում էին իրենց դիրքերն ամրապնդել Եվրոպայում, բայց ոչ դրանից դուրս:
Ինչևէ, գործընթացի ներկա փուլում Հունաստանի գլխավոր նպատակն է պարտքերի զգալի կրճատումը և միևնույն ժամանակ նոր ֆինանսական օգնության ստացումը՝ առաջարկվելիք բարեփոխումների կատարման նպատակով: Իսկ պարտատերերի նպատակն է հնարավորինս փոքրամասշտաբ զիջումների գնալը և Հունաստանին չափից շատ «երես չտալը»:
Երկու կողմերն էլ սակայն գերազանց հասկանում են, որ ընդհանուր հայտարարի գալն ու համագործակցությունը շարունակելը պարտադիր է, թեկուզև այն պատճառով, որ ԱՄՆ-ն է դա պարբերաբար հորդորում կողմերին, իսկ Ռուսաստանը կազմ-պատրաստ սպասում է ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելուն և Հունաստանին «իր կողմը քաշելուն»: