Հուլիսի 13-ը կարող է շրջադարձային դառնալ պատմության մեջ: Ակնկալվում է̦ որ այսօր իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցող դիվանագետները հանդես կգան հայտարարությամբ վերջնական համաձայնագրի կնքման մասին: Այս մասին հայտնում է The Associated Press-ը: Դիվանագետները հայտնել են գործակալությանը̦ որ նախնական համաձայնագիրը կարող է ձեռք բերվել կիրակի օրը` զգուշացնելով̦ որ վերջնական մանրամասները դեռևս մշակման փուլում են: Ամերիկացի և իրանցի դիվանագետներն անանունության սկզբունքով հայտնել են̦ որ հնարավոր է` չհաջողվի համաձայնության գալ մինչև կիրակի օրվա ավարտը̦ և փաստաթղթերի մշակումը կարող է երկարաձգվել մինչև երկուշաբթի:
Իրանն ու միջնորդների «վեցյակը» շարունակում են աշխատել գրեթե 100 էջից բաղկացած համաձայնագրի մշակման շուրջ: Մի շարք դիվանագետների հաղորդմամբ «գլխավոր խնդիրները դեռևս չեն լուծվել»: Լրատվամիջոցները նշում են̦ որ չնայած հայտարարություններում նկատվող զգուշավորությանը` բանակցողները շատ մոտ են համաձայնագրի կնքմանը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել է. «Ճանապարհին մի շարք դժվարին հարցեր կան̦ սակայն մենք մոտենում ենք իրական որոշումների»: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ևս զգուշավոր լավատեսություն է արտահայտել. «Հույս ունեմ̦ որ մենք վերջապես թևակոխում ենք բանակցությունների վերջնական փուլ»:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին հայտարարել է̦ որ իրանական միջուկային ծրագրի շուրջ տեխնիկան բանակցությունները գործնականորեն ավարտվել են: Նա հավելել է̦ որ Վիեննայի բանակցությունների հիմքը Լոզանի հայտարարությունն է̦ որը նպաստեց բազմաթիվ խնդիրների հաղթահարմանը̦ հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Նա նշել է̦ որ իրանական միջուկային թիմը տեխնիկական խնդիրների շուրջ բանակցությունները կարողացավ ավարտել ինտենսիվ բանակցությունների շնորհիվ: Սալեհին նշել է̦ որ առանձնահատուկ որևէ չլուծված խնդիր չի մնացել`հավելելով̦ որ երկու կողմերը պետք է վերանայեն գրավոր տեքստը` հարմարացնելով այն բանավոր բանակցություններին: Նա հավաստիացրել է, որ իրանական միջուկային թիմը բոլոր հնարավոր ջանքերը գործադրել է խաղաղ միջուկային գործունեությունը շարունակելու Իրանի իրավունքները պաշտպանելու համար: