Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը` Մալալա Յուսուֆզայը̦ այսօր դառնում է 18 տարեկան և իր տարադարձը նշանավորում է Լիբանանի Բեքաայի հովտում սիրիացի փախստական աղջիկների համար դպրոց հիմնելով: Նա կոչ է արել համաշխարհային առաջնորդներին ներդրումներ կատարել «գրքերի այլ ոչ թե փամփուշտների մեջ»: Մալալան դարձավ պայքարի խորհրդանիշ 2012 թվականին Պակիստանում թալիբների կողմից մահափորձի ենթարկվելուց հետո: Նա մշտապես պայքարել է կրթություն ստանալու կանանց իրավունքների պաշտպանության համար:
«Ես որոշեցի Լիբանանում դպրոց բացել̦ որովհետև հավատում եմ̦ որ սիրիացի փախստականների ձայնը պետք է լսելի դառնա»̦ - Մալալայի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը: Դպրոցում սովորելու հնարավորություն են ստանալու 14-ից 18 տարեկան ավելի քան 200 աղջիկներ: Նշենք̦ որ Լիբանանում ավելի քան 1̦2 միլիոն սիրիացի փախստականներ են պատսպարվել̦ որոնցից գրեթե 500 հազարը դպրոցահասակ երեխաներ են̦ սակայն նրանց միայն չնչին մասը կրթություն ստանալու հնարավորություն ունի: «Լիբանանի̦ ինչպես նաև Հորդանանի սահմանի մոտ մեծ թվով փախստականներ հետ են ուղարկվում: Դա անմարդկային է և ամոթալի»̦ - ասել է Մալալան:
Մալալան̦ ով Time ամսագրի համաձայն 2013 թվականի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է̦ աղջիկների կրթության մասին սկսել է խոսել դեռևս 11 տարեկան հասակից: Նա ընդամենը 15 տարեկան էր̦ երբ նրա վրա կրակեցին թալիբները: 16 տարեկանում նա ելույթ ունեցավ ՄԱԿ-ում̦ գրում է India Today-ը: Իսկ 2014 թվականին նա ստացավ «Քաղաքացիական իրավունքի պատվավոր դոկտորի» գիտական աստիճան: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նրա տարեդարձի օրն աշխարհում նշվում է որպես «Մալալայի օր»: Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկրի մասին այժմ վավերագրական ֆիլմ է նկարահանվում̦ որը կրում է «Նա ինձ Մալալա կոչեց» անունը: