Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հուլիսի 15-ին Պրահայում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկելու են երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցությունն ամրապնդելու մասին հարցերը, հայտնում է Sputnik News-ը:
Կարասինի խոսքերով՝ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների կարգավորումն այսօր բոլորին է ակնհայտ: Երկու տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը կրկնակի աճել է և հասել է 850 մլն ԱՄՆ դոլարի: Միևնույն ժամանակ, վրացական ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան աճել է ավելի քան հինգ անգամ, որը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ վերջ դրվեց գինու և գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման սահմանափակումներին: Նորացվել է համագործակցությունը միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում: Վերականգնվել են նաև կանոնավոր չվերթները:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարելի է ասել, որ Ռուսաստան-Վրաստան հարաբերություններում աստիճանաբար ավելի նկատելի է դառնում առաջընթացը: Հարց է առաջանում, իսկ ի՞նչն է մղում այս երկրներին վերսկսելու բարիդրացիական հարաբերությունները:
Կարելի է ասել, որ երկու երկրներն էլ այս քայլին դիմել են ազգային շահերից ելնելով: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Վրաստանին: Երկիրը մտավոր դուրս է եկել պատերազմից և հեղափոխական տրամադրությունից (ինչի մասին վկայում է Սահակաշվիլիի նկատմամբ ունեցած վրացիների արհամարհական վերաբերմունքը)՝ մտնելով հետհեղափոխական փուլ: Ուստի երկրում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ՝ գործազրկություն, գնաճ և աղքատություն: Վրացիներն անձամբ հասկանում են, որ այս խնդիրներն ավելի հեշտ կարող են լուծվել Ռուսաստանի հետ համագործակցելով, ռուսական շուկայում վրացական արտադրանքի հասանելիության և Վրաստանի միգրանտ աշխատողների թիվը ավելացնելու միջոցով:
Բացի տնտեսականից Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման մեջ առկա է նաև քաղաքական գործոնը: Կարելի է ասել հյուսիսային հարևանի հետ ունեցած վիճաբանության ֆոնի վրա երկրում ուժեղացել է արտաքին այլ ուժերի ազդեցությունը, որը կարող է սպառնալ նաև երկրի ազգային անվտանգությանը: Այս առումով, եթե Թուրքիան ամրապնդում է իր ազդեցությունը Բաթումում՝ այն տարածելով նաև տեղական տնտեսության վրա, ապա Ադրբեջանը կարող է մեծացնել ազդեցության լծակները Վրաստանի Քվեմո-Քարթլի շրջանի ադրբեջանական բնակչության վրա: Արտաքին ազդեցությունների ուժեղացումը կարող է ազգամիջյան խնդիրներ առաջացնել երկրում՝ հիմք դառնալով նոր անկայունությունների համար:
Բացի այդ, Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կարևոր է նաև Մոսկվայի համար, քանի որ չնայած նրան, որ Վրաստանը փոքր երկիր է, այն գտնվում է Ռուսաստանի համար կարևոր տարածաշրջանում:
Կարելի է ասել, որ երկու երկրներն էլ գիտակցում են իրենց հարաբերությունների կարգավորման կարևորությունը, և այդ ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրում։