«Այսօր պատմական օր է»̦ - Վիեննայում հայտարարել է ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիա Մոգերինին` ընթերցելով համատեղ հայտարարության տեքստը̦ հայտնում է The Guardian-ը: «Մեզ համար մեծ պատիվ է հայտարարել̦ որ մենք համաձայնության ենք եկել իրանական միջուկային խնդրի շուրջ: Քաջության, քաղաքական կամքի, փոխադարձ հարգանքի միջոցով մենք հասանք նրան̦ ինչին որ աշխարհը սպասում էր: Սա պատմական օր է̦ քանի որ մենք պայմաններ ենք ստեղծում վստահության կառուցման և մեր հարաբերություններում նոր գլուխ բացելու համար»̦ - ասել է Մոգերինին:
«Այս ձեռքբերումը հավաքական ջանքերի արդյունք է: Ոչ ոք չէր կարծում̦ որ դա հեշտ է լինելու: Պատմական որոշումները երբեք այդպիսին չեն լինում̦ սակայն մենք կարողացանք հաղթահարել բոլոր դժվարին պահերը: Մենք մշտապես գիտակցել ենք̦ որ պատասխանատու ենք մեր և ապագա սերունդների առջև: Բոլոր կողմերի կառուցողական ներգրավվածության և մեր թիմերի կարողության և նվիրումի շնորհիվ մենք հաջողությամբ ավարտել ենք բանակցությունները և լուծել ավելի քան 10 տարի տևած վեճը»̦ - ասել է Մոգերինին:
«Մենք ողջունում ենք Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը̦ որը կապահովի, որ Իրանի միջուկային ծրագիրը լինի բացառապես խաղաղ և արձանագրի այս հարցում մեր մոտեցման հիմնարար տեղաշարժը: Մենք ակնկալում ենք̦ որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք իրականացումը դրական ազդեցություն կունենա միջազգային և տարածշարջանային խաղաղության և անվտանգության վրա: Իրանը վերահաստատում է̦ որ ոչ մի հանգամանքներում երբեք միջուկային զենք չի մշակելու կամ ձեռքբերելու:
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ներառում է Իրանի սեփական երկարաժամկետ ծրագիրն իրանական միջուկային ծրագրի համաձայնեցված սահմանափակումներով և ապահովելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր պատժամիջոցների̦ ինչպես նաև բազմակողմ և ազգային պատժամիջոցների համապարփակ վերացումը̦ այդ թվում առևտրի̦ տեխնոլոգիաների, ֆինանսների և էներգետիկ ոլորտների հասանելիությանն ուղղված քայլերը:
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը բաղկացած է հիմնական տեքստից և 5 տեխնիկական հավելվածներից` միջուկային, պատժամիջոցներ, միջուկային էներգետիկայի ոլորտում քաղաքացիական համագործակցություն, համատեղ հանձնաժողով և իրականացում: Այս փաստաթղթերը մանրամասն բնույթ ունեն: Սա կարևոր է̦ քանի որ բոլոր կողմերը հստակություն էին ցանկանում̦ որ ապահովվի համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացումը:
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը հավասարակշռված գործարք է̦ որը հարգում է բոլոր կողմերի շահերը: Մենք գիտենք̦ որ համաձայնագիրը դառնալու է մանրամասն ուսումնասիրության առարկա: Բայց այսօր մենք ցանկանում ենք հայտնել ոչ միայն գործարքի̦ այլ լավ գործարքի մասին: Սա լավ գործարք է բոլոր կողմերի և ավելի լայն միջազգային հանրության համար:
Այս համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում ավելի քան 10 տարի տևած ճգնաժամը հաղթահարելու համար: Մենք կոչ ենք անում ողջ միջազգային հանրությանը նպաստել այս պատմական ջանքերի իրականացմանը:
Սա մեր բանակցությունների եզրափակումն է̦ սակայն սա մեր ընդհանուր աշխատանքի ավարտը չէ: Մենք շարունակելու ենք միասին կատարել այս կարևոր աշխատանքը»̦ - իր հայտարարությունը եզրափակել է Մոգերինին: