Ուկրաինայում արդեն մի քանի օր է չի թուլանում «Աջ սեկտոր» ազգայնական խմբավորման առաջացրած լարվածությունը: Ի՞նչ է իրականում ցանկանում «Աջ սեկտորը»:
Իրադարձությունները սկսեցին արագ զարգանալ, երբ հուլիսի 11-ին Մուկաչևո քաղաքում 20 զինված անձինք՝ հատուկ համազգեստների և մեքենաների վրա «Աջ սեկտոր» գրառմամբ, սրճարաններից մեկում բախում ունեցան պատգամավոր Միխայիլ Լանյոի հետ, ով «Ժողովրդի կամք» պատգամավորական խմբից է:
Ինչպես հայտնում են ոստիկանները՝ չկարողանալով համաձայնության գալ՝ տվյալ անձիք կրակել են պատգամավորի ուղղությամբ, որից հետո կրակ են բացել տարածքը շրջափակման մեջ առած իրավապահ մարմինների ուղղությամբ և ազատվելով փախուստի դիմել քաղաքից և թաքնվել անտառում, որից հետո հայտնել են, որ զենքերը վայր կդնեն միայն այն դեպքում, եթե այդպիսի հրաման տրվի իրենց առաջնորդ Դմիտրի Յարոշի կողմից: Բախման պատճառը, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, մաքսանենգությանն առնչվող ազդեցության գոտիների բաշխումն է:
Խմբի անդամները, իրենց հերթին, պնդում են, որ պայքարում են մաքսանենգության դեմ, սակայն այդ պայքարին խոչընդոտում է Ներքին գործերի նախարարությունը, ավելին` այդ անօրինական գործողությունների մեջ ներգրավված են նաև տեղական պաշտոնյաները:
Ավելի ուշ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն այս գործողությունները որակեց որպես ահաբեկչական ակտ և հայտարարեց, որ այս ամենի հետևում կանգնած է «Աջ սեկտոր» ծայրահեղական-կամավորական գումարտակի հրամանատար Ռոման Ստոյկը, որն էլ, իր հերթին չի ժխտել այդ իրողությունը: Նա խմբավորման անդամ է դարձել Մայդանի դեպքերից անմիջապես հետո, սակայն կարճ ժամանակում կարողացել է ձեռք բերել առաջնորդների՝ մասնավորապես Դմիտրի Յարոշի վստահությունը, ով խմբավորման ղեկավարն է համարվում:
Իսկ իրականում ի՞նչ են ցանկանում նրանք: Կարելի է ասել, որ պատասխանը հստակ է.ցանկանում են կրկնել 2014 թվականի Մայդանի ողբերգությունը: Այս ամենը երևում է խմբի անդամների տված խոստումից այն մասին, որ այս անգամ՝ համեմատած 2014 թվականի հետ, դեպքերն ավելի կատաղի են լինելու: Կարելի է ասել, որ նրանք բացահայտ կերպով դուրս են եկել նախագահի դեմ:
Նրանց անդամներից մեկի խոսքերով, խմբավորումը Դոնբասում նրա համար չի արյուն թափել, որ արժանանա Պորոշենկոյի գոռոզությանը և կեղծավորությանը: «Աջ սեկտորի» կարծիքով այսօր Ուկրաինայի կառավարության գործունեությունն անտրամաբանական է և ուղղված է ժողովրդի դեմ:
Մուկաչևո քաղաքում կատարված իրադարձություններից հետո «Աջ սեկտորի» ակտիվիստները շաբաթ երեկոյան նախագահի նստավայրի առջև հանրահավաք սկսեցին: Ցուցարարների գլխավոր պահանջն ՆԳՆ ղեկավար Արսենի Ավագովի և մի շարք ոստիկանական պաշտոնյանների հրաժարականն է, ինչպես նաև ներքին գործերի նախարարության գործունեության լուսաբանումը: Հակառակ դեպքում, նրանք խոստանում են սկսել «երկրորդ մայդան»:
Украина.ru-ին տված հարցազրույցի ժամանակ ցույցի մասնակիցների մեծամասնությունը հայտարարել են, որ կիսում են «Աջ սեկտորի» գաղափարները և նույնպես կարծում են, որ Պորոշենկոն ոչինչ չի անում երկրի համար և ժամանակն է, որ հրաժարական տա՝ իր հետ տանելով նաև Ներքին գործերի նախարար Արսենի Ավագովին:
Ինչ վերաբերում է Պորոշենկոյին՝ նա այս քայլը համարում է ահաբեկչական ակտ՝ ուղղված ոչ միայն իշխանությունների, այլ նաև ողջ Ուկրաինայի դեմ: Նա ընդունել է մարտահրավերը և չի պատրաստվում զիջել:
Աջ սեկտորի այս քայլն իսկապես մարտահրավեր է իշխող կառավարության համար: Ըստ նրանց՝ պետությունը ոչինչ չի անում երկրում արդարություն հաստատելու և կոռուպցիայի և մաքսանենգության դեմ պայքարելու համար: Աջ սեկտորի պայքարը դեռևս շարունակվում է:
Ինչպես հայտնում է РИА Новости-ին՝ ներկա դրությամբ ձերբակալվել են խմբի չորս անդամ, իսկ նրանցից վեցը դեռևս շարունակում են թաքնվել իրավապահ մարմիններից: