Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա»ՏՎԳ հարցազրույցը Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի քարտուղարության մշտական անդամ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ: Այն կատարվել է Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 5-րդ համագումարի ժամանակ Աստանայում (Ղազախստան) «Հայաստան-Ղազախստան.համագործակցության հարթակներ»ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան հետ համատեղ:
- Պատմեք, խնդրեմ, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարներին Հայ առաքելական եկեղեցու մասնակցության մասին: Ի՞նչ նպատակ է հետապնդում մեր եկեղեցին՝ մասնակցելով այս համաժողովին:
- Մեր եկեղեցու մասնակցությունը սկսվել է 2-րդ համագումարից: Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ հայ եկեղեցու պատվիրակությունն ընդունել է հրավերը և կանոնավոր կերպով մասնակցում է նաև կազմկոմիտեի նիստերին, որը կոչվում է Համագումարի քարտուղարություն: Ե´վ համագումարի, և´ քարտուղարության ժողովներն անցնում են գործնական մթնոլորտում, ունեն ընդլայնվելու միտվածություն: 2-րդ համագումարից հետո Քարտուղարությունն ուներ 12 մասնակից, այժմ թիվը կրկնապատկվել է: Արդեն այսօր՝ 5-րդ համագումարին 70-ից ավելի պատվիրակություն կա, ինչը վկայում է համագումարի ընդլայնվելու միտման և նրա գաղափարների տարածման մասին:
Շատ հետաքրքիր է ընդհանուր ձևաչափը: Ղազախստանի նախագահ Նազարբաևի նախաձեռնությամբ և առաջարկով այն հաստատվել է երկխոսության հիմքի վրա, և այդ երկխոսությունը մենք, թե´ որպես հոգևորականներ, թե´ որպես համաշխարհային հանրության անբաժանելի մասնիկ, դիտում ենք որպես շատ կարևոր գործողություն: Դա կարևոր է նաև խաղաղության համար, չէ՞ որ մեկուսացումը խնդիրների հաղթահարման չի բերում:
-Աստանայում այսօր հավաքվել են տարբեր կրոնների ներկայացուցիչներ, և դա շատ ոգևորիչ է: Կարո՞ղ է այս համագումարը հակամարտություններից եռացող աշխարհի համար ուղերձ լինել:
- Բացման ժամանակ Ղազախստանի նախագահը մատնանշեց, որ աշխարհը գնում է դեպի խնդիրների կարգավորում, բայց դրանք օր-օրի ավելանում են: Մենք՝ որպես քրիստոնյաներ, գիտենք, որ մեր կյանքում խնդիրները միշտ էլ շատանալու են, սակայն մենք այդ խնդիրները տեսնելու և դրանց արձագանքելու կամք պետք է ունենանք: Չպետք է գլուխներս հողի մեջ թաղենք, այլ բաց ճակատով պետք է նայենք եղած խնդիրներին. սա է հենց համագումարի պատգամը:
Եթե դիտենք առաջին համագումարից մինչև հիմա ընկած ժամանակահատվածը, թե այս 15 տարում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել համաշխարհային առումով, ապա պետք է արձանագրենք, որ պատերազմները շատացել են, ի հայտ են եկել ֆինանսական ճգնաժամեր: Իսկ մենք ի՞նչ ենք անում նման խնդիրները հաղթահարելու համար: Բազում դրական գործողությունների շարքին պետք է դասել նաև այս համագումարը: Սա մի միջոց է, գործիք դժավարությունները տեսնելու և լուծումներ տալու համար:
- Ինչո՞վ է տարբերվում 5-րդ համագումարը նախորդներից:
- Ես տեսնում եմ ձևաչափի փոփոխություն. բացի կրոնական առաջնորդներից, այժմ համագումարին մասնակցում են նաև անվանի քաղաքական գործիչներ:
- Կարո՞ղ ենք ակնկալել, որ մեր եկեղեցին ակտիվորեն կշարունակի մասնակցել նման գագաթաժողովներում:
- Նախատեսվում է, որ համագումարները կանցկացվեն կանոնավոր կերպով, և Ղազախստանն էլ պատրաստակամություն է հայտնել անցկացնել դրանք: Մենք ողջունում ենք այդ պատրաստակամությունը: Եվ Վեհափառ Հայրապետ Գարեգին 2-րդը իր անձնական մասնակցությամբ ցույց տվեց, որ մեր եկեղեցին միշտ պատրաստ է նմանատիպ գործնական քայլերի: Մենք միշտ բաց ենք խաղաղությանը, հասարակությունների, երկրների միջև փոխհարաբերությունների բարելավմանն ուղղված նախաձեռնություններին: Լինելով ավանդական եկեղեցի, որն ունի իր դերն ու նշանակությունը համաշխարհային մշակույթում, մենք բոլորի հետ միասին պետք է փնտրենք խնդիրների լուծման ուղիները և այդ կարևոր գործում կատարենք փորձի փոխանակում: