Իրանից հետո Իսրայելի հերթն է̦ հայտարարում է Արաբական Պետությունների Լիգան: Ինչպես հայտնում է AFP -ն, ԱՊԼ ղեկավար Նաբիլ Ալ-Արաբին հայտարարել է̦ որ «Իրանի և միջազգային տերությունների միջև պատմական համաձայնագիրը Մերձավոր Արևելքը զանգվածային ոչնչացման զենքից ազատելու ուղղությամբ ձեռնարկված առաջին քայլն է»: Նա հույս է հայտնել̦ որ ձեռքբերված միջուկային պայմանագիրը «կայունություն և անվտանգություն կբերի անկայուն տարածաշրջանին»:
Միաժամանակ, ԱՊԼ գլխավոր քարտուղարը կոչ է արել միջազգային հանրությանը հրաժարվել երկակի ստանդարտներից և վերահսկել Իսրայելի միջուկային ծրագիրը̦ ինչպես դա արվեց Իրանի պարագայում: Ողջունելով Իրանի հետ կնքված պայմանագիրը` Նաբիլ Ալ-Արաբին պահանջել է միջազգային հանրությունից ճնշում գործադրել Իսրայելի վրա և ստիպել վերջինիս պաշտոնապես ընդունել իր միջուկային օբյեկտների գոյությունը: ԱՊԼ-ի ղեկավարի կարծիքով Ատոմային Էներգիայի միջազգային գործակությունը պետք է իր վերահսկողությունը հաստատի այդ օբյեկտների և Իսրայելի միջուկային ծրագրի վրա:
Նշենք̦ որ Իսրայելը պաշտոնապես հերքում է միջուկային զենք ունենալու հանգամանքը̦ թեև ընդունված է կարծել̦ որ նա աշխարհում վեցերորդ պետությունն է̦ որ դեռևս 1950-ական թվականների վերջերից Ֆրանսիայի օգնությամբ սկսել է միջուկային զենք մշակել: