Հունաստանի կառավարության և միջազգային վարկատուների միջև հուլիսի 13-ին ձեռք բերված համաձայնությունը բավական երաշխիքներ չի տալիս մոտակա տարիների համար, և արդեն այս ամառ հնարավոր է հունական խնդրով նոր ԵՄ գագաթաժողով հրավիրվի։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Le Monde-ին տված հարցազրույցում։
«Այդ համաձայնությունը մոտակա տարիների համար երաշխիք չի հանդիսանում, բայց թույլ տվեց խուսափել քաոսից, Հունաստանի սննկացումից»,- ասել է Տուսկը։
Նա նշել է, որ չկան գործընթացի շարունակականության երաշխիքներ, կան անտեսանելի խոչընդոտներ։ Նա չի բացառել նաև, որ ԵՄ-ն ստիպված կլինի ևս մեկ գագաթաժողով անցկացել այս ամառ, բայց հույս է հայտնել, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։
«Պարտքերը գլոբալ խնդիր են։ Մենք պետք է քննարկում ծավալենք և սահմանենք դրանք որպես համաեվրոպական խնդիր»,- ասել է Եվրոպական Խորհրդի նախագահը։ Նա կարծիք է հայտնել, որ քննարկման կենտրոնում չպետք է դրվի Հունաստանի պարտքերը մեղմացնելու հարցը՝ զգուշավորություն հայտնելով, որ կարևոր է չվախեցնել մի շարք երկրների, որոնք հիմա կրկին ստիպված են լինելու օգնել Հունաստանին։