Իրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագիը̦ ինչպես և ակնկալվում էր̦ սկսել է իր ազդեցությունն ունենալ մերձավորարևելյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրադրության վրա: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է̦ որ Սիրիայի ճգնաժամը չի կարող լուծվել առանց Իրանի̦ Ռուսաստանի̦ Թուրքիայի և այլ տարածաշրջանային երկրների աջակցության:
«Սիրիական ճգնաժամը լուծելու համար Սիրիայով հետաքրքրված հիմնական ուժերի միջև պետք է համաձայնություն ձեռքբերվի այն մասին̦ որ ճգնաժամը չի կարող հաղթահարվել ռազմի դաշտում»̦ - ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում է Press TV-ն: «Իրանն այս խաղացողներից մեկն է̦ և ես կարծում եմ̦ որ նրանց համար կարևոր է այս քննարկմանը մասնակցելը»̦ - Սպիտակ Տանը տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Օբաման:
Նա նաև հավելել է̦ որ «Մերձավոր Արևելքում բոլոր խնդիրները լուծելն ԱՄՆ նախագահի գործը չէ»: «Ամեն ինչ շատ քաոսային է̦ շատ գործոններ կան̦ չափազանց շատ գումարներ և զինամթերք է լցվում այս գոտի»̦ - ասել է Օբաման: Ավելի վաղ New York Times-ին տված հարցազրույցում Օբաման հույս է հայտնել̦ որ «Մերձավոր Արևելքում Իրանը կներկայանա որպես խաղաղ առաջատար»: «Ճշմարտությունը կայանում է նրունում̦ որ Իրանը դառնալու է և պետք է դառնա տարածաշրջանային գերտերություն»̦ - ասել է Օբաման:
Այս բոլոր հայտարարությունները գալիս են ապացուցելու վերլուծաբանների ենթադրություններն այն մասին̦ որ Արևմուտքը ցանկանում է Իրանին օգտագործել տարածաշրջանային երկրներում աննախադեպ թափ հավաքած «Իսլամական պետության» դեմ պայքարում̦ քանի որ արդեն եկել է այն գիտակցման̦ որ ԻՊ-ի դեմ պայքարելու համար համալիր մոտեցում է անհրաժեշտ̦ և առանձին օդային հարվածներով կամ իրենց իսկ բնորոշմամբ «լավ» զինյալներին վերապատրաստելով այլևս անհնար է կանգնեցնել ԻՊ-ի առաջխաղացումը:
Գաղտնիք չէ̦ որ Իրանը սիրիական ճնգնաժամի ողջ ընթացքում թե դիվանագիտական̦ թե ռազմական աջակցություն է ցուցաբելել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակազմին: Վերլուծաբանները փաստում են̦ որ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո Իրանն իր գործընկերներին զինամթերք մատակարարելու ավելի մեծ հնարավորություն կունենա: Սա նշանակում է̦ որ Իրանի ներգրավվածությունը սիրիական ճգնաժամում կարող է զգալիորեն մեծանալ̦ ինչը կարող է նաև բեկումնային դառնալ սիրիական հակամարտության լուծման ճանապարհին: